Mediamall.am-ն առանձնացրել է օրվա կարևոր իրադարձությունները.

 

Ցուցարարները կրկին արգելափակել են Ուկրաինայի նախարարների կաբինետի մուտքը

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում փողոց դուրս եկած ցուցարարներն այսօր նորից փակել են նախարարների կաբինետի շինության մուտքը. գրում է УНН-ն:

 

Միաժամանակ, ՆԳՆ 4 ավտոբուս արգելափակել է Գրուշևսկայա փողոցի երթևեկությունը, որտեղ գտնվում է կառավարության շենքը:

 

Մոտավորապես 200 ցուցարար արգելափակել է կառավարության շենքի մուտքը Նեզալեժնոստի Մայդանի կողմից, ևս 20 ակտիվիստ արգելափակել է շենքը Գրուշևսկայա փողոցի կողմից: Ցուցարարները վանկարկում են' հեղափոխություն, և պահանջում են վարչապետ Ազարովի հրաժարականը:

 

***

ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը դեմ կքվեարկեն. 20 րոպե ընդմիջում' կուտակային կենսաթոշակի հարցի քվեարկությունից առաջ

Ազգային ժողովում այսօր քվեարկության կդրվի ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների նախաձեռնությամբ ներկայացված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը մեկ տարով հետաձգելու մասին օրենսդրական առաջարկությունը:

 

Մինչ այդ հարցը քվեարկության դնելը քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված նախագիծ, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով այն չեղավ:

 

Վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրելով' ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանն առաջարկեց հարցի քվեարկությունը կազմակերպել փակ-գաղտնի, սակայն ԱԺ փոխնախագահ Հերմինե Նախդալյանը քիչ անց նշեց, որ տեխնիկական խնդիրներ այլևս չկան:

 

ՀՀԿ խմբակցության ղեկավար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ինչպես իրենք, այնպես էլ' ՕԵԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց, ինչից հետո նիստն ընդմիջվեց 20 րոպեով:

 

***

Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց' ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի

 

Ազգային ժողովում այսօր քվեարկության կդրվի ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների նախաձեռնությամբ ներկայացված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը 1 տարով հետաձգելու մասին օրենսդրական առաջարկությունը:

 

Նիստին զուգահեռ' Ազգային ժողովի դիմաց այս պահին տեղի է ունենում բողոքի ակցիա' ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի:

 

***

Արտակարգ իրավիճակ Գեղարքունիքի մարզում. Ճանշինի մեղքով ավտոմեքենաների խցանումն անցնում է 2 կիլոմետրը

 

Այսօր' դեկտեմբերի 3-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում: Գրում է shamshyan.com-ը:

 

Ինչպես Գեղարքունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 3 ժամ է Նորաշեն գյուղից մինչև Ծովազարդ գյուղ ընկած ճանապարհահատվածը, որը կլինի մոտ 6 կիլոմետր, քաոսային իրավիճակ է ստեղծվել: Պատճառը ճանապարհի մերկասառույցն է, քանի որ Ճանշինի պատասխանատուները ջայլամի քաղաքականություն վարելով, ուղտի ականջում քնած, մատը մատին չեն տվել, որպեսզի ճանապարհին լցնեն աղ ու ավազ:

 

***

«Ես չեմ լսել մի դեպք, որ Արմեն Եսայանի հետ որևէ պաշտոնատար անձ խոսի «պետք է»-ով». Արա Զոհրաբյան

 

- Բայց Ձեզ չի՞ անհանգստացնում այն հարցը, որ Արմեն Եսայանը դատախազությունը համարում է իր ընտանիքը, լավ է վերաբերվում Գևորգ Կոստանյանին, իսկ դատախազությունը միշտ էլ հանդես է եկել որպես փաստաբանների «թշնամի»:

- Ո՛չ, ինձ այդ փաստն ընդհանրապես չի անհանգստացնում: Արմեն Եսայանի հետ մեր հարաբերություններն անձնական բնույթ են կրում, նա իմ ընկերն է և նրա համաձայնվելը աշխատել Փաստաբանների պալատում բացառապես պայմանավորված է դրանով: Երկրորդ' Արմեն Եսայանն անկախ մարդ է' իր սկզբունքներով: Ով ճանաչում է նրան, գիտի նրա սկզբունքայնությունն ու անկախությունը, ինչին բազմիցս ականատես եմ եղել: Ես չեմ լսել մի դեպք, որ Արմեն Եսայանի հետ որևէ պաշտոնատար անձ խոսի «պետք է»-ով: Ի վերջո, ցանկացած նախաձեռնության դատավորը ժամանակն է: Ինչ վերաբերում է փաստաբան-դատախազ հարաբերություններին, ապա, իմ կարծիքով, փաստաբանները ոչ թե դատախազների թշնամիներն են, այլ դատախազների դատավարական հակառակորդները: Դատավարական այդ կարգավիճակն է ապահովում իրական մրցակցություն' մեղադրանքի և պաշտպանության կողմերի միջև:

 

***

Միջադեպ ԱԺ-ում. Շարմազանովը ԲՀԿ-ին հիշեցրեց անցյալը

 

Այսօր միջադեպ է տեղի ունեցել ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը կառավարությանը հարց ուղղեց այն ժամանակ, երբ նիստի ավարտին մնացել էր 3 րոպե: Հարցը վերաբերվում էր Կուտակային կենսաթոշակների համակարգին: Քանի որ ժամանակը սպառվել էր՝ նիստը վարող Էդուարդ Շարմազանովը թույլ չտվեց կառավարության ներկայացուցչին՝ պատասխանելու ԲՀԿ պատգամավորի հարցին՝ ամբիոնից նետելով. «Ի դեպ, ինձանից աջ նստած խմբակցությունը (ԲՀԿ-ն - խմբ.) 2010 թվականին կողմ է քվեարկել կուտակային կենսաթոշակային համակարգի անցնելու օրենքի նախագծին»:

 

***

Շումերագետ Արման Ռևազյանը սենսացիոն բացահայտում է արել

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայագետ և շումարագետ Արման Ռևազյանը խոսել է իր սենսացիոն բացահայտումների մասին, որոնք վերաբերում են մ.թ.ա. 1500 թ. Կրետոս կղզում հարյուր տարի առաջ հայտնաբերված սկավառակի նշանագրերին: Շումերագետի խոսքերով՝ այդ նշանագրերը հայերեն են, և պետք է ապացուցել դա:

 

Մեկնաբանելով նշանները՝ նա ասել է, որ խեցին՝ Մեծ արջն է, Մեծ շերեփը' կանթեղն է:

 

«Եթե ես ապացուցեմ և ընդունեն, որ սա հայերեն է,իսկ ես համոզված եմ, որ կապացուցեմ, ապա հեղափոխություն է լինելու ամբողջ լեզվաբանության մեջ»,- ասել է Արման Ռևազյանն ու հավաստել՝ կապացուցվի, որ հայերը եղել են քրմական դաս և Կրետոսում ապրել են ամենուրեք:

 

Հետազոտության ավարտից հետո այն մտադիր է ներկայացնել Գիտությունների ազգային ակադեմիային:

 

***

Անցած գիշեր ծեծի են ենթարկել ակտիվիստ Գոռ Առաքելյանին

 

Այսօր' ժամը 01:00-ի շրջանում, ծեծի են ենթարկել ոչ վաղ անցյալում քաղաքապետարանի մոտ իրականացված նստացույցի մասնակից Գոռ Առաքելյանին:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Գոռը ներկայացրեց տեղի ունեցածը: «Գիշերը 1-2-ի կողմերն էր, ստույգ չեմ ֆիքսել ժամը, տուն էի գալիս եւ տեսա, որ ծխախոտս վերջացել է, գնացի գնելու, եւ երբ հետ էի գալիս, Հասրաթյան փողոցի մայթեզրից մի փոքր խորք ընկած հատվածում' մթության մեջ, նկատեցի 3 հոգու, ովքեր ակնհայտորեն ինձ էին սպասում: Եվ երբ անցնում էի նրանց մոտով, նրանցից մեկն ասաց. «Էսի էդ .......-ը չի՞»:

 

Արդեն հասկացա, որ կոնկրետ նպատակ ունեն: Երբ գլուխս շրջեցի որ տեսնեմ, թե ում կողմից «պատիվ ունեմ» վիրավորվելու, նրանցից մեկն ասաց. «Ի՞նչ ես նայում, արա' այ....»:

 

Ես ասացի. «Տղե'րք, ձեր հետ խնդիր չունեմ, չեմ էլ ուզում, բայց պետք չի էդքան բանը անել»: «Ի՞նչքան բանը, ա'յ ակտիվ մասսա»,- ասաց ստահակներից մեկը, իսկ մյուսը կողքից ասաց. «Արա', սրանց հետ ի՞նչ խոսալ, խոսալս ո՞րն ա, դրանք էդքան չկան, սրանց պետք ա բռնես ու...», ապա սկսեց սեռական բնույթի հայհոյանքներ տեղալ իմ անձի, ընտանիքի ու ընկերների հասցեին: Ես էլ պատասխանեցի, որ' ով ինչ ասաց ինձ ու իմ ընտանիքին, թող հաշվի' իր հորն ու մորն է ասել:

 

***

Եթե տրանսպորտի սակագինը հունվարից չբարձրանա, վարորդները չեն քշի

 

Տրանսպորտի սակագինը եթե հունվարից չբարձրանա ուղևորափոխադրողները կդիմեն կոշտ քայլերի. այս մասին Tert.am-ին ասաց «Ուղևորափոխադրողների միության» նախագահ Հրանտ Եղիազարյանը։ Նա նշեց, որ իրենք սպասում են Երևանի քաղաքապետարանից իրենց նամակի պատասխանին։

 

«Առաջին նամակում գրել էինք, որ խնդրում ենք ակտիվացնել տրանսպորտի սակագնի հարցով զբաղվող հանձնաժողովի աշխատանքները, որովհետև արդեն ընկերությունները հասել են սնանկության շեմին։ Առաջին նամակին քաղաքապետարանը մի անորոշ պատասխան էր տվել մեզ՝ ասելով, թե փնտրում են անկախ փորձագիտական հանձնաժողով, որտեղ կորոշեն որքան է քաղաքի ուղևորահոսքը։ Նրանց պատասխանի համաձայն՝ երբ ուղևորահոսքը հայտնի կլինի, այդ ժամանակ հանձնաժողովի նիստ կգումարեն և կիմանան, թե ինչքան կլինի փոխադրման սակագինը։ Բայց հաշվի առնելով, որ մենք վատ վիճակում ենք գտնվում, շատ վատ վիճակում, մենք գրեցինք, որ ձեր պատասխանից բավարարված չենք, և եթե շուտափույթ հստակ պատասխան չտաք մենք կդիմենք ավելի լուրջ գործողությունների»,- ասաց նա։

 

***

Հայաստանում Պուտինին հրաշք են ցույց տվել

 

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում Վլադիմիր Պուտինին իսկական հրաշք են ցույց տվել: Վերջինիս սրբապատկեր են ցույց տվել, որը հայտնաբերվել է երկրաշարժից ավերված ուղղափառ տաճարներից մեկի փլատակներից: Այն հայտնաբերելու ժամանակ ամբողջությամբ պատված է եղել սև գույնով, սակայն, դրանից երեք տարի անց, սրբապատկերը զարմանալիորեն ինքնավերականգնվել է:

 

***

Շղթայական ավտովթար Լոռու մարզի Թումանյան քաղաքում. կան վիրավորներ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ' դեկտեմբերի 3-ին, Լոռու մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Ժամը 20:30-ի սահմաներում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ալավերդու փրկարարական ծառայությունից ահազանգ է ստացվել, ոստիկանության Թումանյանի բաժին, որ ժամը 19:30-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-րդ կիլոմետրին ավտովթար է տեղի ունեցել և կան վիրավորներ:

 

***

Գազի գինը առաջիկա տարիներին փոփոխության ենթակա չէ. նախարար

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ գազի գնի հետ կապված լուծումները գտնված են։

 

«Հուլիսի 7-ին տարիֆները հաստատվեցին, գազի գինը սահմանի վրա սահմանվեց 189 դոլար: Կառավարությունը դիմեց կարգավորող հանձնաժողովին, որպեսզի հաշվարկեն տարբերությունը: Լուծումները գտնված են, և գազի գինը առաջիկա տարիներին փոփոխության ենթակա չէ»,-ասաց նախարարը։

 

Դիտարկմանը, թե կառավարությունն ասել էր, որ կսուբսիդավորի, նախարարը պատասխանեց. «Այո, Հայռուսգազարդի հայտը եղել է 170 դոլար: Կառավարությունը դիմեց կարգավորող հանձնաժողովին, որ 270 դոլարի և 189-ի տարբերությունը վերցնի իր վրա, որպեսզի հանձնաժողովը գազի սակագները սպառողի համար հաշվի 189 դոլար, ինչպես և եղավ: Տարիֆները, որոնք այսօր ուժի մեջ են, հաշվարկված են 189 դոլար սակագնով»,-ասաց նա։

 

Ինչ վերաբերում է Հայաստանի պարտքին, ապա նախարարը նշեց, որ այն կուտակվել է 2011թ-ից։ «Այս բանակցություններն սկսվել են 2011թ-ից, և այդ ժամանակվանից միշտ ասել եմ, որ գազի գինը մեր սպառողի համար չի փոխվելու: Զուգահեռաբար բանակցություններ են ընթացել ռուսական կողմի հետ՝ գազի գներն ամրագրելու ավելի երկարատև ժամանակաշրջանի համար, որովհետև ամեն տարվա փոփոխությունները բավական ծանր վիճակ են ստեղծում հանրապետության համար: Բանակցություններն ավարտվեցին այս տարի, և պայմանավորվածությունը մինչև 2018 թ-ն է: