Այսօր' դեկտեմբերի 6-ին, ժամը 19:00-ին, Նարեկացի արվեստի միությունն իր հարկի ներքո կհյուրընկալի թատերական մի յուրօրինակ նախաձեռնություն, որը բազմանշանակ է իր խորհրդով, քանզի արվեստի լեզվով ու միջնորդությամբ այն արծարծելու է հասարակական նշանակության կերևորագույն ու հրատապ մի հիմնախնդիր, որն է' հաշմանդամություն ունեցող անձանց ու մասնավորապես մտավոր խնդիրներ ունեցող երեխաների և երիտասարդների հասարակական ինտեգրումը, նրանց կրթական ու հոգևոր բարօրության ամրագրումը:
Այդ օրը Միության բեմահարթակից կներկայացվի «Հրաշագործ ծաղիկը» թատերական ներկայացումը, որի բովանդակության առանցքում ընկած է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության թեման առ այն, որ պետք է հասնել այնպիսի համակեցության, որտեղ անձնական հանգամանքների բերումով ստեղծված սահմանափակումները չեն խոչընդոտի և ոչ մեկի հանրային ներգրավվածությանը կյանքում ու արվեստում, ուր պաշտպանված կլինի բազմազանության արժեքն ու բացառված՝ անձնական տարբերությունների վրա խարսխված խտրականությունը:
Ներկայացման ողջ թատերախումբը կազմված է հաշմանդամություն ունեցող դերասաններից, իսկ գլխավոր դերերում հանդես կգան Արփինե Գրիգորյանը, Վերգինե Ավետիսյանը, Աբրելիկ Ազարյանը և Դավիթ Ավագինյանը, ովքեր բոլորն էլ հաճախում են «Փրկություն» հաշմանդմամ երեխաների և երիտասարդների կենտրոն հասարակական կազմակերպությանը կից գործող Մտավոր խնդիրներ ունեցող երեխաների և երիտասարդների «Փրկություն» թատերական խմբակը, որը 2008 թվականից ի վեր ունի կայացած թատերախումբ' բեմադրող ռեժիսոր Կարինե Մարգարյանի գեղարվեստական ղեկավարության ներքո:
Միջոցարումն անց է կացվում Նարեկացի արվեստի միության «Ձեռք ձեռքի' հաշմանդամների հետ» մշտական շարքի շրջանակում, որը ստեղծվել է հասարակական այս խոցելի խմբի հանրային ինտեգրմանը, նրանց արժանապատիվ ու լիարժեք կյանքի կայացմանը և հավասարության նրանց անօտարելի իրավունքի ամրապնդմանը նպաստելու նպատակով: Այս իմաստով, Միության տեսլականը լիովին համահունչ է «Փրկություն» ՀԿ-ի առաքելությանն ու գործունեության սկզբունքին, որը կենտրոնի մանկավարժները ձևակերպում են հետևյալ կերպ. «Գլխավորը ցանկությունն է, իսկ մնացյալին կարելի է հասնել նրանց հավատալով ու նրանց հետ աշխատելով»:
Նարեկացի արվեստի միություն