Ռուսական Взгляд-ը գրում է այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Ուկրաինայի հետ, որը Մաքսային միությունում որպես դիտորդ հանդես գալու ցանկություն է հայտնել:
Պուտինը ընդգծել է այն հանգամանքը, որ դեռևս Կիևի բողոքի զանգվածային ակցիաներից առաջ Ուկրաինան ցանկություն էր հայտնել դիտորդի կարգավիճակում մասնակցել ՄՄ-ի բոլոր հանդիպումներին:
«Մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրում, սակայն եթե մեր ընկերների մոտ ցանկություն կա համատեղ աշխատել, ապա, մենք պատրաստ ենք շարունակել այդ աշխատանքը փորձագիտական մակարդակով»:
«Ուկրաինայի հետ համագործակցությունը հիմնված է իրավահավասարության և իրական տնտեսական շահի վրա»,-ասել է ՌԴ նախագահն ու հավելել. «Մենք հետևողականորեն առաջ ենք տանելու եվրասիական գործընթացը՝ չհակադրելով այն այլ ինտեգրման նախագծերին»:
Ռուսաստանը կշարունակի աշխատանքը եվրոպացի գործընկերների հետ նոր բազային համաձայնագիր պատրաստելու ուղղությամբ:
«Հուսով եմ, որ Ուկրաինայում քաղաքական ուժերը կկարողանան ճգնաժամից դուրս գալու ճանապարհ գտնել»,-եզրափակել է Պուտինը: