ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանը հարցերին ՍԾՏՀ 29րդ նախարարական նստաշրջանի շրջանակներում համատեղ ասուլիսում
Հարգելի գործընկերներ,
պարոն Գլխավոր քարտուղար,
տիկնայք և պարոնայք,
Կես տարի առաջ, երբ Հայաստանը ստանձնում էր Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը, մենք հայտարարեցինք, որ նպաստելու ենք նրա աշխատանքներին՝ ուղղված սևծովյան տարածաշրջանի տնտեսական համագործակցության խթանմանը, կազմակերպության գործունեության արդյունավետության և միջազգային ասպարեզում նրա տեսանելիության բարձրացմանը:
Հայկական նախագահության ընթացքում կազմակերպվել են շուրջ 70 միջոցառումներ, առաջ են քաշվել մի շարք նախաձեռնություններ' ուղղված «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության տնտեսական օրակարգի' խորացված գործընկերությանն ընդառաջ» և «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Հանրային կապի ռազմավարության» դրույթների կյանքի կոչմանը։ Որպես Տեղեկատվական և Հեռահաղորդակցման Տեխնոլոգիաների աշխատանքային խմբի համակարգող հատուկ ուշադրություն ենք դարձրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության խթանմանը։
Այս ժամանակահատվածում ընդունվել են զբոսաշրջության և կրթության ոլորտներում համագործակցության խթանմանն ուղղված հռչակագրեր, քայլեր են ձեռնարկվել աշխատանքային խմբերի օրակարգերի արդիականացման, միջազգային կազմակերպությունների, դիտորդների և ճյուղային երկխոսության գործընկերների հետ համագործակցության զարգացման, ինչպես նաև քարտուղարությունում բարեփոխումների իրականացման ուղղությամբ:
Տիկնայք և պարոնայք,
ՍԾՏՀ-ում նախագահությունը հաջորդ վեցամսյա ժամանակաշրջանով փոխանցվեց Բուլղարիային: Այս կապակցությամբ ցանկանում եմ շնորհավորել իմ բուլղարացի գործընկերոջը և վստահեցնել, որ բուլղարական նախագահությունը կարող է ապավինել մեր աջակցությանը' իր ծրագրերի իրականացման գործում:
Շնորհակալություն:
News.am. Թուրքական մամուլում հրապարակումներ էին եղել, որ Դավութօղլուն պատրաստվում է Երևանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում քննարկել ղարաբաղյան հիմնախնդիրը։
Էդվարդ Նալբանդյան. Մեր և միջազգային հանրության դիրքորոշումը հստակ է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա առանց որևիցե նախապայմանների, ուստի թուրքական կողմի փորձերը կապակցել դա այլ հարցերի հետ, նախապայմաններ առաջ քաշել ապարդյուն են և անիմաստ։
ԱրմԻնֆո. ՍԾՏՀ նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով Երևան է
ժամանել նաև Թուրքիայի արտգործնախարարը: Արդյո՞ք նախատեսվում է նրա հետ
հանդիպում, և եթե այո, ապա ի՞նչ հարցեր են քննարկվելու:
Էդվարդ Նալբանդյան. Հանդիպումներ են նախատեսված արտգործնախարարների խորհրդին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ, այդ թվում նաև Թուրքիայի արտգործնախարարի։ Իսկ ինչ ենք քննարկելու, դրա մասին կասենք հանդիպումից հետո: