Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանը նախապայմաններ չի առաջադրել: Պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին՝ այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ տարեկան զեկույցում տեղ գտած պնդմանը, թե Հայաստանը նախապայմաններ է առաջադրել բանակցային գործընթացը շարունակելու համար և թե իբր Հայաստանին հարկադրաբար են վերադարձրել բանակցային սեղանի շուրջ:
«Գուցե նրանք ելնում են նրանից, որ թուղթն ամոթից չի կարմրում, դրա համար գրում են այն, ինչ ուզում են»,- ասաց նախարարը: Նա նշեց, թե ադրբեջանական կողմը ձևացնում է, իբր Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները հայկական կողմից նախապայմաններ էին: Անգամ Վիեննայից հետո նրանք ասացին, թե որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել. դրանք եռանախագահող երկրների երևակայությունն են:
Նալբանդյանը հիշեցրեց, որ Կրակովի հանդիպումից հետո համանախագահները հայտարարեցին, որ նախարարները սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել Կասպրշիկի թիմի հնարավորությունների ընդլայնման վերաբերյալ: «Ստացվում է, որ կամ նախապայմաններ չեն եղել, և Ադրբեջանը նորանոր վարկածներ է հորինում, կամ եթե նախապայմաններ եղել են, ապա Ադրբեջանը հենց ինքն է ստիպված եղել գալ բանակցությունների և շարունակել դրանք նախապայմանների շուրջ:
Հայաստանի կողմից նախապայմաններ չեն եղել: Որպես նախապայման ներկայացնել գագաթնաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, առնվազն լուրջ չէ: Ուղղակի Ադրբեջանն ամեն հանդիպումից հետո փորձում է հետքայլ անել այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվում գագաթնաժողովների, նախարարների մակարդակով հանդիպումների ժամանակ: 2017 թվականի դեկտեմբերին Վիեննայում ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակում հիշատակեցի 9 խոչընդոտները, որ Ադրբեջանի պատճառով խնդիր են ստեղծում հիմնախնդրի կարգավորումն առաջ մղելու իմաստով: Այդ 9 կետերի մեջ հատուկ նշեցի նաև այն, որ երկիրը հետ է կանգնում ձեռք բերված պայմանավորվածություններից: Կարևոր է, որ դրանք հարգվեն և իրականացվեն: Բանակցություններին այլընտրանք չկա: Եռանախագահողների հետ շարունակելու ենք ջանքերն ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը»,- հայտարարեց Նալբանդյանը: