Կարգավորման գործընթացը հնարավոր է, եթե «Հայաստանը հրաժարվի ագրեսիվ դիրքորոշումներից»․ Էրդողանի խոսնակ
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելուն միտված գործընթացին, գրում է Ermenihaber-ը:
Չելիքը, նշելով, որ Հայաստանի հետ կարգավորումն այն թեմաներից է, որին մոտիկից հետևում են տարածաշրջանում և Եվրոպայում, նախ անդրադարձել է ցեղասպանության թեմային:
«Գիտեք, որ սփյուռքի ու մի շարք ցեղասպանության պնդումներ անողների թեզերին ի պատասխան՝ մեր նախագահը շատ հզոր հայտարարություններ է արել մեր արխիվները բացելու ու թեման քաղաքականությունից դուրս պահելու վերաբերյալ»,- ասել է Չելիքը:
Այնուհետև վերջինս հիշել է 2009-ի հայ-թուրքական արձանագրություններն ու դրանց տապալման համար մեղադրել հայկական կողմին:
Խոսելով ներկա իրավիճակի մասին՝ Չելիքն ասել է, որ կարգավորման գործընթացը հնարավոր է, եթե «Հայաստանը հրաժարվի ագրեսիվ դիրքորոշումներից»:
«Այսպիսով՝ Ադրբեջանի մեր եղբայրների հավանությամբ, մեր նախագահի ու պարոն Ալիևի առաջարկած հեռանկարներով՝ ողջ տարածաշրջանում ժողովուրդների համատեղ ապագային միտված բախումներից ու ագրեսիայից խուսափել պարտադրող հնարավորության պատուհան է բացվել»,- եզրափակել է Չելիքը: