Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի ձնամաքրման աշխատանքներն առանց դադարի շարունակվել են նաև դեկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը:

 

Երևանի քաղաքապետարանին և վարչական շրջաններին այս գործընթացում աջակցել են նաև շինարարական կազմակերպությունները` տրամադրելով բեռնատարներ, բարձիչներ և այլ մասնագիտացած մեքենասարքավորումներ:

 

Համատեղ աշխատանքի արդյունքն առավել տեսանելի է դարձել լուսադեմին, երբ դադարել են տեղումները:

 

Դեկտեմբերի 13-ի առավոտվա դրությամբ մայրաքաղաքի բոլոր գլխավոր ու երկրորդական փողոցները երթևեկելի են: Գիշերվա ընթացքում օգտագործվել է մոտ 230 տոննա աղ և շուրջ 480 խ/մ ավազ:

 

Երևանյան փողոցներում աշխատել է 142 միավոր մեքենասարքավորում' ներառյալ շինկազմակերպությունների տրամադրած տեխնիկան:

 

Ներկայում շարունակվում են մայթերի, բակերի և հարակից տարածքների մաքրման աշխատանքները, որոնցում ներգրավված են ինչպես համատիրությունների, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները: