2014 թվականի հունվարի 1-ից ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում այլեւս ԱՊՊԱ կտրոններ չեն տրամադրվելու, իսկ ԱՊՊԱ պայմանագիր ունենալու հանգամանքն ստուգվելու եւ ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց նկատմամբ վարչական պատասխանատվություն է կիրառվելու համակարգչային շտեմարանների ու ծրագրի միջոցով՝ նույնիսկ այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցը չի շահագործվում:
Սահմանված ժամկետում ԱՊՊԱ պայմանագիր չկնքելու համար սահմանված է տուգանք՝ յուրաքանչյուր տասն օրվա համար նվազագույն աշխատավարձի հնգապատիկի (5000 դրամ) չափով, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, առանց գործող ԱՊՊԱ պայմանագիր ունենալու տրանսպորտային միջոցը վարելու համար՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100000 դրամ) չափով:
Եթե տրանսպորտային միջոցը տեւական ժամանակով չի շահագործվելու, ապա տուգանքներից խուսափելու համար կոչ ենք անում տրանսպորտային միջոցը ժամանակավոր հանել հաշվառումից: Տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելն անվճար է:
Տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու համար Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանում կարող է դիմել ոչ միայն տրանսպորտային միջոցի սեփականատերը, այլ նաեւ ցանկացած շահագրգիռ անձ առանց լիազորագրի՝ ներկայացնելով տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը եւ հաշվառման համարանիշերը:
ՀՀ ոստիկանություն