Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն բոլոր այն վարորդներին, որոնց մեքենաների ԱՊՊԱ պայմանագրի ժամկետն ավարտվել է կամ մոտենում է ավարտին, տուգանքներից խուսափելու համար հորդորում է նոր ԱՊՊԱ պայմանագիր կնքել: Այս մասին նշված է բյուրոյի տարածած հաղորդագրության մեջ, որում ասված է.
«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հիշեցնում է, որ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1292-րդ հոդվածի' ՀՀ տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (վարձակալի) կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող (ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար կնքված գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալը, որը տևել է ավելի քան տասն օր' առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասն օրվա համար' 5. 000 ՀՀ դրամի չափով, սակայն յուրաքանչյուր տարվա համար' ոչ ավելի, քան 100. 000 ՀՀ դրամի չափով:
Առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված գործող ԱՊՊԱ պայմանագիր ունենալու, ՀՀ տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100. 000 ՀՀ դրամի չափով: Ուստի, բյուրոն հորդորում է բոլոր այն անձանց, ում ԱՊՊԱ պայմանագրի ժամկետն ավարտվել է կամ մոտենում է ավարտին, ժամանակին միջոցներ ձեռնարկել նոր ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար»: