Yerkir.am-ի բացառիկ հարցազրույցը վրացական Рустави-2 հեռուստաալիքով հեռարձակվող «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» նախագծի պրոդյուսեր Գեորգի Մոսիձեի հետ
-Պարո'ն Մոսիձե, նախ կցանկանայինք իմանալ' արդյո՞ք Վրաստանում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեից: Եվ ի՞նչ կարող եք ասել արտոնագրի ձեռք բերման մասին:
-Դեռ 90-ականներին Վրաստանում գոյություն ուներ «Интеллект клуб» հաղորդումը, որը շատ նման էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ին, սակայն այն ժամանակ լիցենզիայի հարցն այլ կերպ էր դրված' դրա կարիքը չկար: Իսկ արդեն 2000-ի սկզբին, երբ հետխորհրդային տարածությունում սկսվեց լիցենզավորված հաղորդումների այդ ալիքը, մենք, կարելի է ասել, նույնպես նստեցինք այդ կարուսելը, և արդեն 2008-ից սկսած' ունենք «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի վրացական տարբերակը, որը հեռարձակվում է երկրի ամենաբարձր վարկանիշն ունեցող ալիքներից մեկով՝ Рустави-2-ով: Ալիքը մասնավոր է, սակայն ներկայումս առաջատարն է Վրաստանում:
Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա ասեմ, որ հեռուստահաղորդումը բացառապես կոմերցիոն նախագիծ է, հետևաբար, կան հովանավորներ, առեւտրային կազմակերպություններ, որոնք պաշտպանում են ինչպես գիտակների, այնպես էլ հեռուստադիտողների շահերը:
-Այն Ձեզ մոտ մեծ ժողովրդականություն վայելո՞ւմ է, բարձր վարկանիշ ունի՞, նաև՝ ինտելեկտուալ զարգազման նշանակություն: Օրինակ' մեզ մոտ բյուջեից խաղը ֆինանսավորելը հենց այդ հատկանիշներով բացատեցին:
-Բանն այն է, որ Վրաստանում դա պարզապես հաղորդում չէ, պարզապես շոու չէ: Դա որոշակի սպորտային, ակումբային շարժում է: Վրաստանի տարբեր քաղաքներում ակումբներ են կազմավորվում, և հանգստյան օրերին ոչ հեռուստաեթերային խաղեր են անցկացվում: Կազմակերպվում են նաև փառատոներ, մրցաշարեր և առաջնություններ: Դա շատ զարգացած ճյուղ է Վրաստանում, և այդ իմաստով կարելի ասել, որ մենք ամենախաղացող երկիրն ենք աշխարհում: Գրեթե 30 000 մարդ մշտապես մասնակցում է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի սպորտային տարբերակի խաղերին: Եվ միայն Թբիլիսիի սուպերլիգայից հետո ձևավորվում է հեռուստաակումբը՝ անցկացվում է քասթինգ:
Բացի այդ' արդեն երկրորդ տարին է՝ իրականացվում է «Ինտելեկտի օր» նախագիծը, երբ Վրաստանի բոլոր դպրոցներում նույն օրը, նույն ժամին անցկացվում է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը: Դա շատ կարևոր է' ապագա սերնդի պատրաստման տեսանկյունից: Բայց կրկնում եմ' հեռուստահաղորդումը բացառապես կոմերցիոն նախագիծ է:
- Այժմ, թերևս, ամենակարևոր խնդրի՝ լեզվի մասին: Կարծեմ՝ Ձեզ մոտ խաղը վրացերեն տարբերակով է: Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվել, քանի որ մեզ մոտ խաղի' ռուսերեն տարբերակով հեռարձակումը ԿԳ նախարարությունը պայանավորում է հեղինակային իրավունքի պահպանմամբ: Արդյո՞ք նման պահանջ կա:
-Գիտեք, կարծում եմ, որ ամեն բան կախված է բանակցություններից: Որքան գիտեմ, կարելի է պայմանավորվել լիցենզիայի սեփականատիրոջ հետ, այսինքն' դա առանձին պայմանավորվածությունների հարց է: Վրաստանում և' հեռուստահաղորդումը, և' ակումբային խաղերը վրացերեն են անցկացվում: Կա, իհարկե, այսպես կոչված, ռուսալեզու լիգա, որի գրեթե կեսը, ի դեպ, հայազգի խաղացողներն են, քանի որ նրանց համար ավելի հեշտ է, որ խաղն անցկացվի ռուսերեն լեզվով: Լեզվի ընտրության պատճառն այն է, որ Վրաստանում չկա մեծ ռուսալեզու լսարան, որը կդիտեր խաղերը ռուսերեն լեզվով: Մենք ընդհանրապես նման հաղորդումներ չունենք: