Ադրբեջանական Veteninfo պորտալի փոխանցմամբ' Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պլանավորել է Ադրբեջանի տարածքը բաժանել ռեգիոնալ կենտրոնների: Այս տեղեկատվության հայտնվելուց մեկ օր էլ չանցած' ի հայտ եկավ մեկ այլ հետաքրքիր տեղեկատվություն. Իլհամ Ալիևի ստորագրած հրամանով' Նախիջևանի ինքնավար հանրապետությունում (ՆԻՀ) ստեղծվել է Առանձին համազորային բանակ:

 

Դրա հրամանատար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Քերեմ Մուսթաֆաևը, ով նախկինում զբաղեցրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության համազորային կորպուսի հրամանատարի պաշտոնը: Ապա Իլհամ Ալիևի հրամանով' Մուսթաֆաևը նշանակվեց նաև Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար: Այս ամենի հետ կապված' ադրբեջանական Haqqin.az պորտալում հրապարակվել է Ֆարհադ Մամեդովի և Զաուր Ռասուլզադեի «Ինչո՞ւ է Ալիևին անհրաժեշտ Նախիջևանյան բանակ» խորագրով հոդվածը, որում նշված է. «Ինչը՞ Իլհամ Ալիևին դրդեց ստեղծել Նախիջևանի առանձին բանակ:

 

Ինչո՞ւ նախագահը Նախիջևանյան համաբանակային կորպուսը դուրս բերեց Ադրբեջանի պաշտպանության նախարարության համակարգից: Վերլուծաբանները շարունակում են «գլուխ կոտրել» պետության ղեկավարի այդ անսպասելի ու սենսացիոն որոշման վրա: Ռազմական փորձագետների կարծիքով' խոսքը գնում է Նախիջևանյան կորպուսը ՊՆ-ի համակարգից և զինված ուժերի գլխավոր հրամանատարի անմիջական ենթակայության տակից նոր բանակը դուրս բերելու մասին:

 

Մեծ հաշվով, Իլհամ Ալիևն իրավական տեսք հաղորդեց մինչ այժմ դե-ֆակտո գոյություն ունեցած ստատուս-քվոյին. դեռևս Սաֆար Աբիևի (18.5 տարի (1995-2013) Ադրբեջանի պաշտպանության նախարար) ժամանակ Նախիջևանում տեղակայված 5-րդ բանակային կորպուսը, գտնվելով նախիջևանցի հավակնոտ գեներալ Քերեմ Մուսթաֆաևի հրամանատարության ներքո, չէր ենթարկվում Պաշտպանության նախարարին, և կատարում էր միայն ՆԻՀ-ի ղեկավար Վասըֆ Թալիբովի և անձամբ նախագահի (Իլհամ Ալիև) անմիջական հրամանները: Ավելին, այդ բանակային կորպուսը, ինչպես և Ադրբեջանի ներքին զորքերը հանդիսանում են ադրբեջանական բանակի առավել մարտունակ ստորաբաժանումները (ըստ Oxford Analytica-ի' Ադրբեջանի զինված ուժերի ծավալման 3 հիմնական ուղղության (ստորաբաժանումների մարտունակության ցուցանիշով) մասին կարող եք ծանոթանալ այստեղ - 168.am):

 

Դա բացատրվում է նրանով, որ այդ ստորաբաժանումները գտնվում են թուրք գեներալիտետի ու թուրք հրահանգիչների անմիջական խնամակալության ներքո, որոնք ՆԱՏՕ-ի չափորոշիչներով ստեղծել և ուսուցանել են բանակային այդ ստորաբաժանումները: Ինչ վերաբերում է տվյալ հարցի քաղաքական համատեքստին, ապա վերլուծաբանների մի մասը ենթադրում է, որ սկսվել է Ադրբեջանի համադաշնային կառուցվածքին անցում կատարելու գործընթաց: Հավանական է, որ հայ-ադրբեջանական վերին էշելոնների միջև տեղի ունեցած բանակցություններում նկատվել է որոշակի բեկում, և եթե Հայաստանը համաձայնվի Լեռնային Ղարաբաղը' որպես սուբյեկտ, ապագա ադրբեջանական համադաշնությունում ընդգրկվելուն, ապա վիճելի այդ սուբյեկտը կարող է ստանալ սեփական բանակի ստեղծման իրավունք:

 

Չի բացառվում, որ ադրբեջանական ղեկավարությունը որոշել է ցուցաբերել բարի կամք և ստեղծել ՆԻՀ-ի առանձին բանակ, ինչը հանդիսանում է հայկական կողմին հասցեագրված յուրօրինակ ազդանշան, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումից հետո այդպիսի իրավունքից կարող է օգտվել նաև ղարաբաղյան կողմը: Այնուամենայնիվ, մենք դեռ ստիպված ենք վերլուծություն անել' ենթադրություններով ու վարկածներով: Սակայն մի բան այսօր անվիճելի է. առկա են եղել շատ ծանրակշիռ և լուրջ պատճառներ' հանրապետության պետական հիմքերի տեսանկյունից ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքական այդպիսի որոշում ընդունելու համար: Դրա հետ կապված' Turan լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևը հայտարարել է. «Ես անսովոր որևէ բան չեմ տեսնում ՆԻՀ-ում կենտրոնացած զորամասի անվանման փոփոխման մեջ: Չէ՞ որ մենք բացառիկ երկիր ենք:

 

9 միլիոն բնակչությամբ երկրում առկա է 50 գեներալ, կան հազարավոր սպաներ ու սերժանտներ: Կարծես թե, ՆԻՀ-ում բանակի ստեղծումը կրում է որոշակի ցուցադրական բնույթ, տեսե՛ք, որ մենք ստեղծել ենք ևս մեկ վիթխարի բանակ: Այստեղ խոսք չի գնում որևէ անջատողականության կամ նախագահի որոշման որևէ այլ պատճառի մասին»: Ադրբեջանի խորհրդարանի անվտանգության ու պաշտպանության հանձնաժողովի անդամ Զահիդ Օրուջն աջակցություն է հայտնել նախագահի հրամանին' այն համարելով իր ժամանակին կատարված քայլ. «Անկլավային վիճակում գտնվող ՆԻՀ-ում առանձին բանակի ստեղծումը կծառայի երկրի անվտանգության առավել ամրապնդմանը: Ընդ որում, մենք չպետք է մոռանանք, որ Կարսի պայմանագրով (1921) ՆԻՀ-ի անվտանգությունը երաշխավորվում է նաև Թուրքիայի կողմից: Իսկ Հայաստանի հարևան ՆԻՀ-ը մշտապես ունի իր պաշտպանունակության ամրապնդման կարիք:

 

Բացի այդ, ՆԻՀ-ը երկրի Սահմանադրությամբ ունի պետական հատուկ կարգավիճակ, և այստեղ առանձին բանակի ստեղծումը չի խախտում մեր պետության միասնականությունը: Մյուս կողմից էլ ՆԻՀ-ի կարգավիճակի բարձրացումը կամրապնդի Ադրբեջանի դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցային գործընթացում և կարող է ինքնավարության որոշակի մոդել դառնալ Լեռնային Ղարաբաղի համար»: