Դեկտեմբերի 24-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ՖԿՀՊԻ Խորհրդի նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելեց Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, հանդիպեց ուսանողների ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ:
Հայրենական սպորտի ղեկավարի հովանավորությամբ ինստիտուտում միջազգային չափորոշիչներին համապատասխանող լսարաններն ու մարզադահլիճները տարեցտարի ավելանում են:
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի լավագույն 100 ուսանողի կրթաթոշակ տրամադրեց: Դրամական պարգևների արժանացան նաև դասախոսները:
Ողջունելով ներկաներին՝ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ տարեվերջյան այս հանդիպումներն արդեն ավանդական են դարձել, և ինչպես մինչ օրս, այնպես էլ այսուհետ լինելու է իր հարազատ ԲՈՒՀ-ի կողքին: Գագիկ Ծառուկյանը մարզաշխարհի ներկայացուցիչներին հորդորեց հավատարիմ մնալ «սպորտը խաղաղություն է» օլիմպիական կարգախոսին և լինել միասնական:
Հանդիպման ավարտին Գագիկ Ծառուկյանը շնորհավորեց ուսանողներին և դասախոսներին գալիք նոր տարվա կապակցությամբ, մաղթեց նրանց առողջություն, երջանկություն և նորանոր հաղթանակներ: