Տավուշի մարզպետի խորհրդական, իջևանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանը հրատարակել է իր հեղինակած 157-րդ գիրքը, որ կոչվում է «Էլնարա»: Գիրքը նվիրված է ադրբեջանցի երգչուհի Էլնարա Աբդուլաևային: Չիբուխչյանը կարծիք է հայտնել, որ ադրբեջանցի երգչուհին տաղանդավոր է և հրաշալի ձայն ունի: Այն դեպքում, երբ Տավուշի սահմանագոտում պարբերաբար ադրբեջանցիների արձակած կրակոցներից զոհվում են խաղաղ հայ բնակիչներ, արդյո՞ք մտահոգիչ չէ այն հանգամանքը, որ մարզպետի խորհրդականը և ՀԳՄ անդամը գիրք է ձոնում ադրբեջանցի երգչուհուն: Այս հարցի շուրջ Լուրեր.com-ը զրուցեց Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի նախագահ Սամվել Բեգլարյանի հետ:
Սամվել Բեգլարյանը նախ կարծիք հայտնեց որպես ՀԳՄ անդամ: «Ազգային ժողովում 131 պատգամավոր կա, նրանց կեսից ավելին 50 տոկոսից պակաս խելացիության մարդիկ են և հենց ԱԺ նիստերի ժամանակ ցնդաբանում են խելքներին ինչ փչի, հո Հովիկ Աբրահամյանը պատասխանատու չէ՞ այդ ամենի համար:
Հետո ինչ, որ Լյուբիկ Չիբուխչյանը Գրողների միության անդամ է: Գրողների միության բաժանմունքը դա այն կառույցն է, որտեղ ազատախոհ, ազատամիտ և ազատ ստեղծագործող մարդիկ են: Հիմա Գրողների միության նախագահը' Էդվարդ Միլիտոնյանը, կամ բաժանմունքի նախագահը չպետք է իրենց վրա վերցնեն հոգեբուժարանի գլխավոր բժշկի, մեկն էլ բաժնի վարիչի ֆունկցիան:
Ժամանակին Լյուբիկը գիրք է գրել Պուտինի, Սերժ Սարգսյանի, Պյոտր 1-ի մասին: Ոչ մեկդ չզարմացա՞վ, որ նա Սերժ Սարգսյանին գիրք է նվիրում, Պուտինին ասում է հայ ժողովրդի հայր, այնուհետև դիմելով ՌԴ նախագահին՝ ասում է. «Պուտի՛ն, մի քիչ խելք տուր մեր լիլիպուտին», և նա այդ ամենն ասում է մեր երկրի նախագահի հասցեին, ե՞ս պետք է պատասխան տամ: Ես Լյուբիկին ասել եմ, որ եթե Պուտինը ժողովրդի հայրն է, ինձ պետք չէ, իմ հայրը Բեգլարյան Դավիթն է: Դա իր խնդիրն է, և մարդը, որ 60 տարեկան է և ասում է՝ ես 157 գիրք եմ գրել, Ուկրաինայի, Հայաստանի դարի մարդ եմ ճանաչվել, այս մարդը ստանդարտից դուրս մարդ է և կարող է նաև ստանդարտից դուրս գործողություններ էլ անել», - այս տեսակետը Բեգլարյանը հայտնեց՝ որպես ՀԳՄ անդամ:
Իսկ Սամվել Բեգլարյան կարծիքը, որպես մարդ, հետևյալն է. «Թուրքը երբեք մեր լավը չի ցանկացել, ուզում է ֆուտբոլային դիվանագիտություն լինի, շախմատային կամ կրկեսային, թուրքը երբեք մեր լավը չի ցանկացել, չի ցանկանում և չի էլ ցանկանա: Եթե նա երբեմն որևէ ժեստեր է անում, վերջնական արդյունքում նա դա տանում է իր օգտին: Պետք է միայն լսել, թե նրանք ինչ են ասում մեր հասցեին: Նրանք Հայաստանին անվանում են Արևմտյան Ադրբեջան: Ինչպե՞ս կարելի է թուրք երգչուհու մասին որևէ բան գրել: Ես չգիտեմ՝ ինքը թուրքերեն հասկանո՞ւմ է, կարող է այդ երգչուհու երգի բառերը անեծք են մեր ժողովրդին: Նման բան անողը պետք է հայ չլինի: Ես այս ամենն ասեցի՝ որպես հայ մարդ, որպես ազատամարտիկ, իսկ գրողը ազատ է իր գործողությունների մեջ: Թող Ազգային անվտանգությունը հետաքրքրվի, ոստիկանությունը: Թուրքերը ասում են, որ մենք գոյություն չենք ունեցել: Եթե մարդը գիրք է գրում և ինչ-ինչ ճանապարհով հասցնում է Ալիևին՝ ես չգիտեմ, դա իմ խնդիրը չէ և դրա համար կան կառույցներ' թող զբաղվեն»,- ասաց Բեգլարյանը:
Հարցին, թե ՀԳՄ-ն նախապես տեղյա՞կ եղել է, որ նման գիրք է պատրաստվում հրատարակվել, Սամվել Բեգլարյանը պատասխանեց. «Լյուբիկ Չիբուխչյանը ՀԳՄ անդամ է, նա ազատ է իր ստեղծագործութուններում, ո՛չ ՀԳՄ վարչությունը, ո՛չ էլ Էդվարդ Միլիտոնյանը չի կարող կաշկանդել նրան, իրավունք չունի, նա ազատ ստեղծագործող մարդ է»,- ասաց ՀԳՄ անդամը' հավելելով. «Թուրքը մնում է թուրք: Բացառում եմ թուրքի, ադրբեջանցու հետ ամեն ինչ: Երևանը չգիտի, թե ինչ բան է սահմանը, բայց երբ Լյուբիկն է նման բան գրում... Ես նրան էլ կասեմ, ամեն օր մարդ են սպանում սահմանի վրա: Թուրքը մնում է թուրք»: