Կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերի թվում գործադիրը նախատեսում է հաստատել նաև Հայաստանի Հանրապետությունում շենքերի սեյսմակայունության ապահովման հայեցակարգը:
Բանն այն է, որ կառավարությունն այս նախագծով խոստովանում է, որ Հայաստանի բնակֆոնդը ներկա դրությամբ բավական մեծ ռիսկի է ենթակա՝ հնարավոր երկրաշարժի դեպքում և որոշել է միջոցներ ձեռնարկել՝ կանխեելու ցավալի հետևանքների հավանականությունը:
Կառավարության ներկայացրած նախագծում ասված է. «Վերջին 20 տարիների ընթացքում, ֆինանսական միջոցների սղության պատճառով, հանրապետությունում անհրաժեշտ մակարդակով չեն ցուցաբերվել շենքերի պահպանմանն ուղղված համակարգված մոտեցումներ և պահանջվող ծավալով չեն իրականացվել շենքերի վերականգնման ու ուժեղացման աշխատանքներ, որի հետևանքով, ֆիզիկական մաշվածությունից և զանազան այլ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների ազդեցությունից՝ շենքերի զգալի մասը հայտնվել են անբավարար կամ վթարային տեխնիկական վիճակում: Նման շենքերը սեյսմակայունության առումով հուսալի չեն և չեն կարող ապահովել բնակչության անվտանգությունը»:
Կառավարությունը նաև հաշվարկել է, որ 2013 թվականի դրությամբ միայն բազմաբնակարան շենքերի թվում 421 շենք ունի 3-րդ աստիճանի վնասվածություն և ենթակա է վերականգնման ու ուժեղացման, 26 շենք ունի 4-րդ աստիճանի վնասվածություն և ենթակա է քանդման, հետևաբար դրանց բնակիչներին պետք է նախ վերաբնակեցնել: Նշենք, որ սրանք հրատապ լուծում պահանջող շենքերն են, որոնց դեպքում հապաղումը կարող է ճակատագրական լինել:
Մնացած փոքր-ինչ ավելի լավ վիճակում գտնվող շենքերը կարող են և սպասել' հույսով, որ շաբաթն ուրբաթից շուտ չի գա:
Բնական է, որ նման թվով շենքերի վերականգնումն ու ուժեղացումը, վթարային շենքերից բնակչության վերաբնակեցումը հսկայական ֆինանսական միջոցներ կպահանջի, ինչը, ինչպես գրված է փստաթղթում, «Ներկայիս տնտեսական հնարավորությունների պայմաններում, անիրատեսական է դարձնում պահանջվող ծավալով միջոցառումների իրականացումը»:
Ուստի՝ կառավարության հաշվարկով՝ «միայն 3-րդ աստիճանի վնասվածության 421 բազմաբնակարան շենքերի վերականգնման ու ուժեղացման համար կպահանջվի շուրջ 250 մլրդ դրամ գումար և ներկայիս տնտեսական պայմաններում դա հնարավոր կլինի իրականացնել ոչ պակաս քան 30 տարում»:
Ուստի՝ ներկա պահին կառավարությունը կբավարարվի հայեցակարգի ընդունմամբ: Մնում է հուսալ, որ առաջիկա 30 տարում Հայաստանը կխուսափի բնական աղետներից ու դրանց հնարավոր անուղղելի հետևանքներից: