ՀՀ ՊՆ զորամասերից մեկի զինծառայողների սոցիալական պաշտպանության բաժնի պետ-հրամանատար Դավթյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար:
Ինչպես տեղեկացավ «Փաստինֆո»-ն, նույն զորամասի զինծառայող Երվանդ Սարգսյանի մահվան առիթով ՀՀ պաշտպանության նախարարությունը միանվագ ֆինանսական աջակցություն է հատկացրել նրա ընտանիքին, իսկ Դավիթ Դավթյանը որոշել է օգտվել ընտանիքի անապահով լինելու հանգամանքից և չի հապաղել նույնիսկ որդեկորույս հորից կաշառք պահանջել:
Նա զոհվածի հորից պահանջել և ստացել է 1000 դոլար կաշառք, այն բանի համար, որ, իբր, կազմակերպի մահացած զինվորի ընտանիքին Պաշտպանության նախարարության կողմից տրամադրվող պետական աջակցության ստացումը:
Դավթյանը զինծառայողի ծնողին ներկայացրել է, իբր, այդ հարցի շուտափույթ լուծումն ի պաշտոնե կախված է իրենից, և դրա համար իր աշխատասենյակում որպես կաշառք ստացել և հափշտակել է զգալի չափ հանդիսացող՝ 411 500 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար։