Քրեական հեղինակություն համարվող Ռաֆիկ Մադոյանի սպանության նախապատրաստության գործով մեղադրյալ Մարտին Ծերունյանի խափանման միջոցը փոխվել է եւ նա կալանքից ազատ է արձակվել: «Փաստինֆո»-ին հայտնի դարձավ, որ մեղադրյալի խափանման միջոցը փոխվել է քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի' Արմեն Մարուխյանի որոշմամբ:

 

Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, Մ.Ծերունյանի փաստաբան Ս.Ջաղինյանն իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով ծավալուն բողոք է ներկայացրել գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Արմեն Մարուխյանին՝ վերլուծելով մեղադրանքը, դրանից բխող զարգացումները:

 

Դատախազությունից նախ ստացել էր պատասխան, որ «... քրեական գործի նախաքննության ներկա փուլում ձեռք բերված ապացույցներն իրենց համակցության մեջ բավարար են' Մ.Ծերունյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքեր չկան»: Սակայն, ի վերջո, դատախազությունը գտել է, որ նրան կալանքի տակ պահելու հիմքեր չկան եւ փոխել է խափանման միջոցը:

 

2013թ. դեկտեմբերի 23-ին նախաքննական մարմինն արդեն 4-րդ անգամ դիմել էր դատարան՝ հերթական անգամ Մ.Ծերունյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությամբ, սակայն դատախազությունը կանխեց քննարկումը:

 

Հիշեցնենք, որ Քրեական հեղինակություն համարվող Ռաֆիկ Մադոյանի սպանության նախապատրաստության գործով նախաքննությունն իրականացնում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունը:

 

Նախաքննական մարմնի վարկածի համաձայն, Ռաֆիկ Մադոյանի սպանելու առաջարկի հեղինակը Հովհաննես Ղամարյանն է, ով ունեցել է լարված հարաբերություններ Մադոյանի հետ: Նրան սպանելու համար Ղամարյանը, ինչպես պարզվել է քննությամբ, դիմել է ընկերոջը' Սարգիս Զազյանին, ու ազգական Դավիթ Զիրոյանին' Ռաֆիկ Մադոյանի սպանության դիմաց խոստանալով 500.000 ԱՄՆ դոլար և առանձնատուն Իսպանիայում: Սույն գործով մեղադրյալները մի քանիսն են' մոտ 6 հոգի, իսկ պատվիրատուի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

 

Մեղադրյալների թվում է նաեւ գործարար Մ.Ծերունյանը, ով ամիսներ շարունակ մնացել է նախնական կալանքի տակ: «Ու չի իմանում ինչու. ոչ մեղադրանք է պարզաբանվում, ոչ՝ իրավունք, առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, պայմաններն էլ այնպիսին չեն, որ հնարավոր լինի բուժումներ ստանալ, բայց որևէ մեկին դա չի հետաքրքրում»,- «Փաստինֆո»-ի թղթակցին ասել էր Ս.Ջաղինյանը: