NEWS.am–ի տեղեկություններով՝ «Օրենքով գող» Մասիվցի Անդիկ մականունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում օրեր առաջ խուզարկել են քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւոսկոյի (Արտյոմ Հարությունով) բնակարանը:

NEWS.am-ի հետ զրույցում Կանևսկոյի պաշտպան Վարդուհի Էլբակյանը հայտնեց, որ իր վստահորդի բնակարանը խուզարկել են Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ: Էլբակյանը տեղեկացրեց, որ դատարանի որոշման մեջ նշվել է, որ Հարությունովի բնակության վայրում կարող են պահված լինել ապօրինի կերպով ձեռք բերված զենք եւ ռազմամթերք: Փաստաբանը նշեց, որ բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է Կանեւսկոյի ազգականի օրինական զենքերը: Խուզարկությունից հետո Արտյոմ Կանեւսկոյը հրավիրվել է ոստիկանության 6-րդ վարչություն, որտեղ բացատրություն է տվել: Նշեք, որ Մասիվցի Անդիկի սպանության գործի շրջանակում խուզարկել էին մի շարք «օրենքով գողերի» և քրեական հեղինակությունների բնակարաններ:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Հարությունյանը մահացու հրազենային վնասվածքներ է ստացել 2019 թվականի հուլիսի 2-ին՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում: Հարությունյանի դիակի վրա առկա է 4 հրազենային վնասվածք, որոնցից մեկը՝ դեմքին։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք–զինամթերք պահելը) հատկանիշներով:Սպանությունը մինչ օրս, սակայն մնում է չբացահայտված: