Մինչ այս օրերին տոնական տրամադրություն է իշխում շատերի բնակարաններում, Շենգավիթ վարչական շրջանում խմելու ջուրն արդեն դարձել է կոկորդիլոսից թանկ հաճույք:

 

Տեղի բնակիչները դիմել են մեզ' բարձրացնելու իրենց համար կարևոր և կենսական նշանակություն ունեցող մի խնդիր: Բանն այն է, որ գիշերային ժամերին «Երևան Ջուր» ՓԲԸ-ն դադարեցնում է ջրամատակարարումը, որի պատճառով խողովակների մեջ մնացած ջուրը սառչում է: Ջրի և կոյուղու խողովակները չեն աշխատում: Դրանք այժմ սառած են, որի հետևանքով պայթում են, իսկ խողովակների վերականգնման համար դրամական խոշոր միջոցներ են հարկավոր:

 

Նման վիճակ է հատկապես Շենգավիթում գտնվող սեփական տներում' 1, 2, 3, 4, 5 և մնացած փողոցներում:

 

Բնակիչները այս խնդրում մեղադրում էին «Երևան Ջուր» ՓԲԸ-ին, որն օգտվելով մենաշնորհային իր վիճակից' զգում է իրեն' ինչպես ձուկը' ջրում, ինչպես նաև վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանից, ում տեսնում են միայն ընտրություններից ընտրություն:

 

Նման կարևոր խնդիրներ լուծելու փոխարեն Արմեն Սարգսյանը զբաղված է Գ. Նժդեհի հրապարակում հրավառություն կազմակերպելով: Այն դեպքում, երբ ջուր և կոյուղի չունեցող բնակիչները անօգնական են մնացել, նա -18 աստիճան ցրտի պայմաններում երգիչ-երգչուհիների է բարձրացնում բեմ...

 

Հետաքրքիր է' ո՞ւմ համար...