Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական օրհնության գրով իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է ուղղել Սիրիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդներին, աշխարհիկ ու հոգևոր սպասավորներին, համայնքային պաշտոնեությանը, ազգային վարժարանների տեսչական ու ուսուցչական կազմերին, սաներին և համայն սիրիահայությանը:

 

«Այս օրերին, երբ քրիստոնյա աշխարհի հետ միասին համայն հայությունը պատրաստվում է նշելու Սուրբ Ծննդյան տոները, Մեր մտքում ու ամենօրյա աղոթքներում եք դուք, որ Սիրիայի ողջ ժողովրդի հետ միասին կրում եք երկրում ծայր առած հակամարտության ծանր ու անդառնալի հետևանքները», - նշել է Վեհափառ Հայրապետն իր գրում:
Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել հայորդիներին, որ հակառակ դժվարին իրավիճակի, ներկա վտանգների, անորոշության ու փորձությունների պայմանների, շարունակում են արթուն պահել իրենց հոգևոր ու ազգային կյանքը և զորավոր՝ նախանձախնդրությունը' մասնավորապես հանդեպ նոր սերնդի հայեցի կրթության ու դաստիարակության երախտարժան գործը:

 

«Սիրելի հայորդիներ, սիրիահայ գաղութի պատմության մեջ բացառիկ դերակատարություն են կատարել հայկական վարժարանները, որտեղ կերտվել ու ձևավորվել են հայորդյաց հոգիները, ներշնչվել մայրենի լեզովի և ազգային արժեքների հանդեպ սիրով ու նախանձախնդրությամբ: Կոտորածներից մազապուրծ ու Եղեռն վերապրած ձեր հայրերը ամեն դժովարություն ու զոհողություն հանձն առան, որպեսզի իրենց զավակները ուսման կարոտ չմնան: Այսօր առիթ ունենք դրվատանքով անդրադառնալու, որ նախընթաց տասնամյակների ընթացքին Սիրիայի ազգային Վարժարանները կրթել են փայլուն սերունդներ, ովքեր Սիրիայում և աշխարհի չորս ծագերում սփռված, ծառայում են մեր ժողովրդին ու Սուրբ Եկեղեցուն, ավանդ բերում հայ մշակույթի, արվեստի, գրականության ու գիտության զարգացմանը:

 

... Վարժարանների սիրելի սաներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրական Մեր սերն ու օրհնությունն ենք հղում ձեզ և աղոթում ձեր ու ձեր ծնողաց, Սիրիայի բոլոր մանուկների ապահովության համար: Թող ձեր ծնողների ու ուսուցիչների նախանձախնդրությունը' հանդեպ կրթության գործը, խրախույս լինեն ձեզ համար, որպեսզի շարունակեք ջանադիր սովորել' ապագային ձեր կյանքով ու հայրենաշեն գործերով ավանդ բերելու ազգային ու հոգևոր մեր կյանքի առավել շինությանն ու պայծառությանը», - ասված է Հայրապետական օրհնության գրում:

 

Նորին Սրբությունն Ամենակալ Աստծո զորակցությունն ու պահպանությունն է հայցել սիրիահայ համայնքի համար՝ մաղթելով, որ Սուրբ Ծննդյան խորհրդով բացվող 2014 թվականը խաղաղություն ու ապահովություն բերի Սիրիային ու նրա ողջ ժողովրդին: