Մեղրի և Ագարակ քաղաքների մի շարք թաղամասերում բնակիչները Նոր տարին ստիպված են եղել դիմավորել մոմերի լույսի ներքո, քանի որ բազմաթիվ տներ տարեմուտին ընդառաջ առանց էլեկտրականության էին մնացել: Ինչպես aravot.am-ը տեղեկացավ բնակիչներից, 2013թ-ի վերջին օրը այս քաղաքներում մի շարք բազմաբնակարան շենքեր ու անհատական տներ պարբերաբար հոսանքազրկվել են եւ նույնիսկ ուղիղ կեսգիշերին հնարավորություն չեն ունեցել 2014թ-ը դիմավորել լուսավորության մեջ: «Լույս չունեինք, բայց կարեւորը փետ ունեինք ու տաք անկյունում էլ դիմավորեցինք Նոր տարին», – ասաց Ագարակ քաղաքի բնակչուհի Անահիտը եւ կատակելով նշեց, որ իրենք այդ օրը դեռ երկար են հիշելու:

 

Օրը հիշարժան է լինելու նաեւ Ամանորն առանց էլեկտրականության դիմավորած մեղրեցիների համար: Մեղրի քաղաքի բնակչուհի Նվարդ Խաչատրյանը փաստում է, որ տխուր էր դիմավորել Ամանորն առանց լուսավորության եւ ցուրտ տներում: «Մենք շամպայնը բացել ենք խմել ու գնացել էլեկտրականություն ունեցող մեր բարեկամների տուն: Եթե միայն լույսի հարցը լիներ, կարող էինք մոմ վառել, բայց տունը միանգամից ցրտեց, էդ պայմաններում հնարավոր չէր մնալ: Էլեկտրական պլիտաներով ենք տները տաքացնում, քանի որ Մեղրին գազաֆիկացված չէ, տները խայտառակ ցուրտ էր: Ասում են՝ տրանսֆորմատորն էր վառվել, չի դիմացել ճնշմանը, ամեն օր էլ էս վիճակն է, տենց օր չկա, որ հոսանքը չանջատվի, մենք տանը չենք կարողանում միանգամից մի քանի պլիտա վառենք..», – նշեց զրուցակիցս եւ հավելեց, որ չէին ակնկալում, թե Նոր Տարվա գիշերն էլ նման իրավիճակում կհայտնվեն: «Բոլոր տխուր մեղրեցիներին, ովքեր այս Նոր տարին դիմավորեցին ռոմանտիկ՝ մոմերի ներքո, նույնիսկ անկողիններում, որովհետև տանը տաքանալու ուրիշ տեղ չկար, կամ էլ այն հարազատների տանը, ովքեր լույս կամ վառարան ունեին… թող տարվա ամենաանդուր օրը սա լինի… Լույս ու Ջերմություն եմ ցանկանում … », – իր համաքաղաքացիներին մաղթեց Նվարդը:

 

Մեզ տեղ հասած ինֆորմացիայի համաձայն՝ Մեղրիի Զորավար Անդրանիկի փողոցի բազմաբնակարան շենքերն ու անհատական տներից բաղկացած Կառուցողների փողոցը դեկտեմբերի 31-ի ժամը 20-ից սկսած մինչեւ հաջորդ օրվա կեսօր հոսանքազրկվել էր: Մեզ հետ զրուցած մեղրեցիները տեղեկացրեցին, որ պատճառը էլեկտրականություն մատակարարող բաշխիչ ցանցի հնամաշ վիճակն է: Խորհրդային Միության տարիներից ի վեր այն չի արդիականացվել, 220 վոլտ լարման փոխարեն ապահովում է միայն 170 վոլտ լարում, ինչի հետեւանքով Մեղրու տարածաշրջանում այս խնդիրը երկար տարիներ է առկա է:

 

Շարունակությունը' այստեղ: