Զինված ուժերի N զորամասի գնդացրորդ, շարքային Հարութ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով' գողության օժանդակություն:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ն.Օհանյանի, 2013թ. դեկտեմբերի 23-ի դատավճռով Հարութ Հարությունյանին դատապարտել է ազատազրկման՝ 2 տարի 6 ամիս ժամկետով:
Միաժամանակ դատարանը կիրառել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային Ժողովի՝ 03.10.2013 թվականի որոշումը և նրան ազատել պատիժը կրելուց:
Ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալը 2009 թվականի մայիսի 30-ին օժանդակել է համածառայող, շարքային Արմեն Ոսկանյանին' քաղաքացիական համազգեստ տրամադրել նրան, որն էլ 2009 թվականի մայիսի 30-ին' ժամը 01:00-ից մինչև 6:30-ն ընկած ժամանակահատվածում, շահադիտական դրդումներից ելնելով, կրկին անգամ գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով, պատուհանի օդանցքի ապակին հանելու միջոցով, ապօրինի մուտք է գործել Մարտակերտ քաղաքի բնակչուհի Սվետլանա Սարգսյանին պատկանող խանութ և գաղտնի հափշտակել տարբեր տեսակի ծխախոտներ, ածելիներ, քաղցրավենիք, երշիկեղեն, օճառներ, օծանելիքներ և այլ խառը ապրանքներ' Սվետլանա Սարգսյանին պատճառելով 104.950 դրամի նյութական վնաս:
Մինչ դատաքննությունն սկսելն ամբաստանյալ Հարութ Հարությունյանը միջնորդել էր դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչում՝ դատարանը բավարարել էր միջնորդությունը:
Նշենք, որ ամբաստանյալ Հարութ Հարությունյանի մասը քրեական գործից անջատվել էր և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով քրեական գործի վարույթը կասեցվել' մինչև կասեցման հիմք հանդիսացող հանգամանքի վերացումը' ամբաստանյալի գտնվելու վայրը պարզելը: Հարութ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնվել անփոփոխ:
2013 թվականի դեկտեմբերի 2-ին ոստիկանության Կապանի բաժնից ստացվել էր գրություն, որի համաձայն՝ Հարութ Հարությունյանը ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում 2013 թվականի նոյեմբերի 30-ին' ժամը 14:00-ին, հայտնաբերվել է Մոսկվա-Երևան թիվ Տ7909 չվերթի ուղևորահոսքում և նույն օրը' ժամը 23:00-ին, բերման ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին: