Ազգագրագետ, «Նախախորհրդարանի» անդամ Հրանուշ Խառատյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ քաղաքացիական տոնածառ տեղադրելու իր նախաձեռնությունը չի կարողանում դեռևս իրականացնել, քանի որ մինչ օրս սպասում է Երևանի քաղաքապետարանի պատասխանին:
Հիշեցնենք, որ նա առաջարկել էր Երևանում տեղադրել «քաղաքացիական տոնածառ», որից, որպես զարդարանք, պետք է կախվեին քաղաքացիների ցանկությունների գրառումներն այն մասին, թե ինչից կցանկանային ազատվել անցնող տարվա հետ և ինչ կցանկանային սկսվող տարուց։
«Շուրջ երեք շաբաթ առաջ եմ դիմել, բայց դեռ պատասխան չկա: Նրանք մեկ ամսվա ընթացքում իրավունք ունեն պատասխանելու, բայց այսօր վերջին աշխատանքային օրն է և Ամանորի տոներից հետո այդ նախաձեռնությունն անիմաստ կլինի»,-ասաց նա և ընդգծեց, որ պատրաստվում է քաղաքապետարանի պատասխանին սպասել մինչև աշխատանքային օրվա վերջ, որից հետո Facebook-յան իր էջում նոր առաջարկությամբ հանդես կգա:
Մեր հարցին, թե իր կարծիքով ինչու՞ քաղաքապետարանը դեռևս չի պատասխանել, Հրանուշ Խառատյանը, թեև նշեց, որ ենթադրություններ անել չի կարող, բայց, այնուամենայնիվ, ասաց. «Հասկանալի է, որ չեն ուզում, բայց էդքան մեծ բան չէր, կարող էին ընկալել, հասկանալ։ Սա տարօրինակ է ինձ համար»։