«Դուք կարծում եք ԲՀԿ-ն չէ՞ր ուզում թեկնածու ունենար. ուզում էր, ՀՅԴ-ն չէ՞ր ուզում. ուզում էր, Լևոն Տեր-Պետրոսյանը չէ՞ր ուզում լինել թեկնածուն, ասելիքն ասեր. ուզում էր, բայց եկանք հասանք մի ամայի դաշտ, երբ քաղաքական ուժերը հնրավորություն չեն տեսնում և ակցիա են անում: Դա հասկանում են հանրապետության երկրորդ, երրորդ, չորրորդ քաղաքական ուժերը»,- անդրադառնալով նախագահական ընտրություններին չմասնակցելու ՀԱԿ-ի որոշմանը' «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման եթերում ասել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Նրա խոսքերով՝ Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրման հիմքը տարիքը չէ, ավելի լուրջ պատճառներ կան:
«ԲՀԿ-ին ու Դաշնակցությանն է՞լ է խագարում Տեր-Պետրոսյանի տարիքը: Ոչ: Այնքան են լկտիացել իշխանությունները, որ ընտությունը ոչինչ չի փոխում»,- ասել է Արամ Մանուկյանը և հավելել, որ այլ բան, եթե միասնական թեկնածու ունենային, հասարակությունը կկանգներ, և հզոր ուժով կստեղծվեր դիմադրություն: «Այն, որ չեն մասնակցում, սա արդեն ակցիա է, սա իշխանության խայտառակության արձագանքն է: Այս ակցիայի արձագանքը շատ շուտ է երևալու: Սա լուրջ քաղաքական արձագանք է դրսի ուժերին' եվրոպացիներին, որ երկրում բռնատիրական համակարգ է, ավազակապետը շարունակում է ճնշել ժողովրդին, որ իրենք սխալվել են»,- ասել է ՀՀՇ վարչության նախագահը: Ապա վերադառնալով ՀԱԿ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի որոշումներին' նշել է, որ վերջինս մնում է քաղաքականության մեջ և շարունակելու է ղեկավարել շարժումը: Իսկ ՀԱԿ որոշումն ընդունվել է կոնսենսուսով, անկախ այն բանից, թե ինչ կասեն ՀԱԿ-ի առանձին ներկայացուցիչներ. «Պետրոս Մակեյանի ներկայացուցիչները ներկա եղել են քննարկումներին, ելույթ են ունեցել և ասել են, որ սա այս պահի համար լավագույն որոշումն է»: Ըստ նրա՝ ՀԱԿ-ը չէր կարող մասնակցել, 3-5 տոկոս ձայն հավաքել, և դա համարվեր մրցակցային ընտրություն:
Արամ Մանուկյանը վստահ է, որ ժողովուրդը նոր տարվա ծախսերից հետո ըմբոստանալու է, իշխանությունը ժողովրդին մղում է պայքարի այլ տեսակների: Միայն թե հարկավոր է չլքել երկիրը, իսկ քաղաքական ուժերը կակտիվանան: Քաղաքական պրոցեսները, ըստ նրա, ոչ թե պասիվացան, այլ արագացան, շատ արագ հանգուցալուծումներ կլինեն առաջիկա ամիսների ընթացքում: «Սա առաջին անգամն է 22 տարվա ընթացքում, որ հզոր ուժերը չեն մասնակցում ընտրություններին: Սա կոպտագույն սխալ է իշխանությունների կողմից»,- ասել է Արամ Մանուկյանը: