«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Նոր տարին ԱՄՆ-ում անցկացնելուց հետո հունվարի 3-ին վերադարձել է Հայաստան և մարտական է տրամադրված հետագա պայքարի հարցում, այս մասին Tert.am-ին փոխանցեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

 

«Ես արդեն հանդիպել եմ նրա հետ, նա, ինչպես միշտ, մարտական է, պայքարի պատրաստ, այդպիսի տրամադրությամբ է Հայաստանում»,- ասաց նա:

 

Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, ապա Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը շուտով մամուլի ասուլիս կհրավիրի և կտեղեկացնի այդ մասին։

 

«Մեր հանդիպումը նաև Նոր տարվա կապակցությամբ էինք հանդիպել, այդպիսի խորը քննարկում դեռևս չի եղել, կարծում եմ՝ դեռ ժամանակ կունենանք նաև անդրադառնալու հետագա քայլերին»,– ասաց նա:

 

Արմեն Մարտիրոսյանը նաև պատմեց, թե կուսակցության առաջնորդն ինչ է պատասխանել ԱՄՆ այցի ժամկետների մասին տրված հարցին. «Մի հետաքրքիր հարց տվեցինք, թե ինչու այցն այսքան երկարեց, նա բովանդակային պատասխան տվեց, ասաց՝ Աստված չանի այս սեղանի շուրջ նստածներից որևէ մեկդ իմ իրավիճակում լինի, որ ընտանիքի կեսն այստեղ է, մյուս կեսն օվկիանոսից այն կողմ: Իսկապես պարզ է, որ այդ խնդիրը մարդկային առումով հասկանալի է և ցանկալի չէ, որ որևէ մեկը երբևիցե ունենա այդ խնդիր»:

 

«Ժառանգության» փոխնախագահի կարծիքով՝ հարազատների հետ անցկացրած ժամանակը շատ օգտակար է եղել Րաֆֆի Հովհաննիսյանի համար: