Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը այսօր կդիմի Վերաքննիչ դատարան՝ վիճարկելու դեկտեմբերի 30-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ խափանման միջոցը երկու ամսով երկարաձգելու մասին կայացրած որոշումը: Tert.am-ի հետ զրույցում, փաստաբանը նաև ընդգծեց, որ միջազգային փորձը ուսումնասիրելուց հետո կդիմի ՀՀ արդարադատության նախարարին, Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև Արդարադատության խորհրդին կից գործող կարգապահական հանձնաժողովին՝ դատավոր Արիս Սիսակյանի նկատմամբ վարույթ իրականացնելու պահանջով:

 

Իսկ պատճառը հետևյալն է. «2013թ-ի դեկտեմբերի 30-ի դատավորի որոշումը ստանալուց հետո ակնհայտ դարձավ, որ մինչև դատական նիստը դատավորն ու քննիչը անձամբ կամ միջնորդավորված ձևով հանդիպել են, և քննիչը փոխանցել է իր միջնորդությունը դատավորին: Վերջինս էլ այն «քոփի փաստ» է արել ու ներկայացրել որոշման տեսքով: Սա ակնհայտ է դառնում, եթե քննիչի միջնորդությունն ու դատավորի որոշումը մի փոքր համադրում ես: Ամբողջովին նույն սխալները, նույն վրիպակները: Օրինակ՝ մի նախադասության կոնկրետ բառերի արանքում երկու դեպքում էլ երեք բացատ է թողնված: Դա ինչպես կարող է պատահականություն լինել»:

 

Նիկոլայ Բաղդասարյանը նաև ընդգծեց, որ դրանք իրարից չեն տարբերվել անգամ բովանդակային առումով:

 

«Սա նշանակում է, որ մինչև դատական նիստը կանխորոշել էին ելքը: Սա անօրինական գործողություն է, և մենք դիմելու ենք, որ կարգապահական պատասխանատվության ենթարկվի դատավորը: Իմ կարծիքով, եթե մենք մի փոքր իրավական պետությունում ապրեինք, աշխատանքից էլ պետք է ազատեին նրան»,- ասաց նա։

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհին դերասան Վարդան Պետրոսյանի վարած «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան բախվել էր «Վազ 2121» մակնիշի մեքենային: Վթարի հետևանքով՝ «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:

 

Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»: