Նոր տարին լուրջ ֆինանսական կորուստներով են սկսել քաղաքական հին և նոր էլիտայի որոշ ներկայացուցիչներ: Yerkir.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել «խաղամոլ» հայ քաղաքական գործիչների և օլիգարխների հայաստանյան արկածների ընդամենը մի փոքր մասի վերաբերյալ:

 

Շրջանառվող տեղեկությունների համաձայն' օրեր առաջ մեծ գումար է տանուլ տվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը' հայտնի Շմայսը: Նույն օրը նույն վայրում առավել ծանր կորուստ է ունեցել երբեմնի հայտնի քաղաքական գործիչ, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Նույն աղբյուրների հավաստմամբ' Կարապետիչը զրկվել է իր ողջ ունեցվածքից: Ականատեսների խոսքով՝ նախկին Կարապետիչից ոչինչ չի մնացել՝ նիհարել ու հյուծվել է: Ուշագրավ է, որ մեզ չհաջողվեց կապ հաստատել Կարապետյանի հետ և խոսել այդ մասին, քանի որ նրա բոլոր հեռախոսահամարներն անջատված են: Անջատված էր նաև ԺԿ-ի քաղխորհրդի նախագահ Արտակ Հարությունյանի հեռախոսահամարը, իսկ մեր զանգերին կուսակցության գրասենյակում ոչ ոք չէր պատասխանում:

 

Այն, որ Կարապետյանը խաղատներ այցելելու հակում ունի, նորություն չէ: Նա դեռ ամիսներ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ի պատասխան հարցին, թե խաղաատներ չի՞ գնում, ասել էր, որ ինքը, բացի գեյ ակումբներից, ամեն տեղ էլ այցելում է:

 

Ո՞վ կմտածեր, որ «աստվածների երկրներից» վերադառնալուց հետո (նախորդ տարի 9 երկիր էր այցելել, այդ թվում՝ Հնդկաստան) Կարապետիչը սեփական երկրում նման փորձության առջև կկանգներ: Նա հարցազրույցներից մեկում պատմել էր, թե իր կյանքի ընթացքում եղել է 40 պետությունում, բայց դեռ 220 երկիր կա, որ պետք է այցելի: Ըստ Կարապետիչի' եթե առաջ ինքը գումարները ծախսում էր մեր ժողովրդի վրա' օգնում էր մարդկանց, այժմ, քանի որ այդ շփումը չկա, ծախսում է իր համար:

 

Փաստորեն, եթե շրջանառվող տեղեկությունը պաշտոնապես հաստատվի, ապա ԺԿ նախագահն այդպես էլ չի հասցնի այցելել մյուս երկրներ, ավելին՝ հետագա գոյությունը պահպանելու համար ստիպված կլինի հայցել երբեմնի Կարապետիչի նմանների գթասրտությունը: