Լիմայում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 7-ին Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով հանդես եկավ Պերուի ԱԳՆ դիվանագետների առջև:

 

Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում ներկայացրեց հայ-պերուական հարաբերությունների զարգացման նպատակով Լիմայում կայացած արտգործնախարարների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, երկկողմ համագործակցության հեռանկարները, լատինամերիկյան և այլ տարածաշրջանների հետ Հայաստանի փոխգործակցությունը, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մանրամասն ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը՝ ընդգծելով, որ Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ շարունակելու է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացը։

 

Նախարար Նալբանդյանը նշեց, որ հունվարի երկրորդ կեսին Փարիզում նախատեսվում է Հայաստանի և Արդբեջանի արտգործնախարարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը:

 

Ելույթից հետո նախարար Նալբանդյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հացրերի: