Լոռու մարզում ավարտվել է հերթական ընտանեկան արյունալի դրամայի գործով նախաքննությունը, և գործն ուղարկվել է դատարան:

 

Վանաձորի 74-ամյա բնակիչ, իսկ ներկայումս «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում գտնվող Յուրիկ Թամազյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետով՝ երկու կամ ավելի անձանց սպանության փորձի մեջ: Իսկ երկու անձինք իր ընտանիքի անդամներն են՝ կինն ու հարսը:

 

Այս դեպքն արձանագրվել էր 2013 թվականի սեպտեմբերի լույս 3-ի գիշերը. ամբաստանյալը հակագազով ու կացնով հարձակվել էր կնոջ ու հարսի վրա:

 

Ըստ մեղադրական եզրակացության՝ անցյալ տարվա սեպտեմբերի լույս 3-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, Յուրիկ Թամազյանը Վանաձոր քաղաքի իրենց բնակարանում կնոջն ու հարսին՝ Զեմֆիրա Մացակյանին ու Վարդուշ Ղարախանյանին, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ գտնվող կացնով բազմաթիվ հարվածներ է հացրել վերջիններիս գլխի, պարանոցի և կրծքավանդակի շրջաններում:

 

Հարսին՝ Վարդուշ Ղարախանյանին հաջողվել է դուրս գալ բնակարանից և օգնություն կանչել, որին արձագանքել են հարևանները, և Յուրիկ Թամազյանը, իր կամքից անկախ հանգամանքներում չկարողանալով ավարտին հասցնել հանցագործությունը, դիմել էր փախուստի:

 

Նույն օրը Յուրիկ Թամազյանը հայտնաբերվել էր Վանաձոր քաղաքի Աղայան 1/96 շենքի հարակից տարածքում՝ աջ և ձախ ձեռքերի կտրվածքներով, որովայնի շրջանում գծային վնասվածքներով: Նա հայտարարել էր, որ հիշյալ վնասվածքները կյանքին վերջ տալու նպատակով ինքն է իրեն կացնով պատճառել:

 

Ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում Վանաձոր քաղաքի Աղայան 83 շենքի հարակից տարածքում գտնվող կանաչապատ տարածքից գտնվել է նաև հանցագործության գործիք կացինը:

 

Նախաքննության շրջանակում տուժողներ Վարդուշ Ղարախանյանը և Զեմֆիրա Մացակյանը նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել: Մասնավորապես, ըստ վերջինիս ցուցմունքի՝ 2013 թվականի լույս սեպտեմբերի 3-ի գիշերը, իրենք քնած են եղել Վանաձոր քաղաքի իրենց բնակարանի ննջասենյակում, երբ Յուրիկ Թամազյանը հակագազ հագած՝ նախապես իր կողմից տուն բերված կացնով հարձակվել է իր վրա և դրանով բազմաթիվ հարվածներ հասցրել իրենց մարմնի, մասնավորապես՝ կրծքավանդակի, ոտքերի, ուսերի, պարանոցի և գլխի շրջաններում:

 

Այդ ընթացքում Վարդուշ Ղարախանյանին հաջողվել է փախչել բնակարանից, որից հետո Յուրիկ Թամազյանը վերադարձել է ննջասենյակ և կացինով ևս մի քանի հարվածներ է հասցրել Զեմֆիրա Մացակյանի մարմնի տարբեր մասերին:

 

Վերոհիշյալ բազմաբնակարան շենքի բնակիչները, լսելով Վարդուշ Ղարախանյանի և Զեմֆիրա Մացակյանի օգնության ճիչերը, դուրս գալով շենքի աստիճանահարթակ, ևս սկսել են աղմկել, ինչը լսելով ՝ Յուրիկ Թամազյանը դիմել է փախուստի:

 

Նշենք, որ գործով իրեղեն ապացույցները, այդ թվում՝ հակագազը ու կացինը, կազմում են 22 փաթեթ:

 

 

«Փաստինֆո»