Ստամբուլի քաղաքապետարանի կարգադրությամբ քաղաքապետարանի աշխատակիցները քանդել են Համբարձում և Ժանետ Սոլարբաշներին պատկանող տունը: Վերջիններս իրենց 7 երեխաների հետ միասին հայտնվել են փողոցում:

 

Թուրքական «Գերչեք գյունդեմ» լրատվական կայքը հաղորդում է, որ Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասում գտնվող տունը պետությունից գնել էր Համբարձումի հայրը՝ Հովհաննես Սոլարբաշը, դեռևս 1915 թվականին, երբ Յոզգաթից տեղափոխվել էր Ստամբուլ: Հայ ընտանիքը, որ վճարել էր գույքի բոլոր հարկերը, մինչև 1983 թվականը սեփականությունը հաստատող փաստաթղթեր չի ունեցել:

 

Համբարձումը սեփականության վկայականը գնել էր 1983 թվականին՝ քաղաքապետարանին վճարելով 2 հազար թուրքական լիրա: Սակայն նախորդ տարի Ստամբուլի քաղաքապետարանը որոշում էր կայացրել այդ տարածքում գտնվող 5 տները քանդել:

 

5 տներից չորսն այդ թվում նաև Սոլարբաշներին պատկանող տունն արդեն քանդել են:

 

Համբարձումը հայտնել է, որ ինքը դեմ չէ, որ այդ տարածքում այլ բնակարաններ կառուցվեն, սակայն ցանկանում է, որ դրանցից մեկը հատկացվի իր ընտանիքին: