Այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է, նկատի առնելով տոնական օրերին թեժ գծերի հեռախոսահամարներով քաղաքացիների կողմից ստացված ահազանգերն ու լրատվամիջոցների կողմից արձանագրված թերությունները, աշխատանքներում թերացած որոշ վարչական շրջանների կոմունալ բաժինների պետերին հայտարարել գրավոր խիստ նկատողություն:
Դպրոցներում ջեռուցման համակարգերի աշխատանքի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի համար նկատողություն է հայտարարվել մայրաքաղաքի որոշ դպրոցների տնօրեններին:
Զեկուցվել է, որ ներկայում մայրաքաղաքի բոլոր դպրոցները ջեռուցվում են, և ապահովված են անհրաժեշտ ջերմաստիճանային պայմաններ:
Ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող հսկողության հետ կապված՝ առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ գրանցված դեպքերի մասով կազմվել է վարչական արձանագրություն:
Քաղաքապետը հանձնարարել է խստացնել վերահսկողությունն այս ուղղությամբ. «Չնայած այն հանգամանքին, որ նախորդ տարվա ընթացքում բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ բավական աշխատանքներ են կատարվել, այդուամենայնիվ դրանք բավարար չեն»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Զեկուցվել է, որ տոնական օրերին հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքն ապահովելու ուղղությամբ սահմանվել է խիստ հսկողություն: Հատուկ ուշադրություն է դարձվել երեկոյան ժամերին երթուղիների պատշաճ սպասարկման իրականացմանը:
Զեկուցվել է նաև, որ շարունակվում է Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության փետրվարի 14-ին հայտարարված մրցույթի մասին հանրային իրազեկումը:
Քաղաքապետը հանձնարարել է հանրությանը պարբերաբար իրազեկել քաղաքապետարանի կողմից գնումների գործընթացով կազմակերպվող մրցույթների ընթացքի վերաբերյալ և ներկայացնել համապատասխան տեղեկատվություն:
Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ 2014 թվականի հունվարի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունում ստացվել է 6911 կանչ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 300-ով ավելի է: Նշվել է նաև, որ 1173 դեպքում հիվանդները տեղափոխվել են հիվանդանոց: Վերը նշված ժամանակահատվածում գրանցվել է նաև 531 ծնունդ:
16-րդ թաղամասի շենքերի գազիֆիկացման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ արդեն գազիֆիկացվել է 15 շենք: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքներն ու պարբերաբար ներկայացնել այդ մասին տեղեկատվություն:
Անդրադառնալով օբյեկտների հարակից տարածքների պարտադիր բարեկարգման կարգը հաստատելու մասին Երևանի ավագանու համապատասխան որոշման պահանջների կատարմանը՝ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մշտական խիստ հսկողության տակ պահել տնտեսվարողների կողմից պարտադիր բարեկարգման գործընթացը և օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան քայլեր ձեռնարկել: «Այս տարվա մեր հիմնական խնդիրներից մեկը պետք է լինի պարտադիր բարեկարգման նորմի ներդրման կայացումը, ինչը ենթադրում է տնտեսվարողների կողմից պարտավորությունների կատարում տարվա բոլոր եղանակներին: Այն տնտեսվարողները, որոնք կխուսափեն պարտավորությունների կատարումից կամ կթերանան, կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության: Իսկ Երևան համայնքի բյուջեից նշված տարածքների համար միջոցներ պետք է չհատկացվեն»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Մայրաքաղաքում նախորդ տարիներին կառուցված մասնավոր կառույցների սեփականատերերի կողմից իրենց օբյեկտների մուտքերը հնարավորության դեպքում հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հասանելի դարձնելու նպատակով տարվող աշխատանքների հետ կապված Երևանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ վարչական շրջանների կողմից տնտեսվարողների հետ աշխատանքներ են տարվում, որի շրջանակում պատրաստվում են նախագծային փաստաթղթերը: Քաղաքապետը հանձնարարել է գործընթացը պահել հսկողության տակ և այդ աշխատանքներում թերացողների նկատմամբ կիրառել համապատասխան միջոցներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն