Քաղաքացի Սուրեն Սուրենյանցի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով' ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ Ս. Սուրենյանցի ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում տված հաղորդման' 2013թ. դեկտեմբերի 14-ին' ժամը 18.00-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Լենինգրադյան 25 հասցեում գտնվող «Չերրի» հյուրանոցային համալիրի համարներից մեկում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահան Կարապետյանը վիճաբանության մեջ է մտել իր հետ, որի ընթացքում բռունցքով հարվածել է իր դեմքին' ձախ աչքի շրջանում պատճառելով մարմնական վնասվածք:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տված բացատրությունում Սուրեն Սուրենյանցը հաստատել է իր հաղորդման մեջ հայտնած հանգամանքները' նշելով, որ ԱԺ պատգամավորի կողմից իր նկատմամբ բռնի գործողություն կատարելու հետևանքով իրեն պատճառվել է մարմնական վնասվածք ու ֆիզիկական ցավ, ինչի կապակցությամբ բողոք է ներկայացրել Վահան Կարապետյանի դեմ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: