Tert.am Արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանը, ասաց, որ այս ձմեռը Հայաստանի պատմության մեջ ամենացրտերից է, ապա ավելացրեց, որ առաջիկայում տաք օդային հոսանքներ կթափանցեն Հայաստան, և օդի ջերմաստիճանը կբարձրանա:

 

«Ջերմաստիճանը կկոտրվի, ցերեկները կլինեն արևոտ: Ցերեկները 0-ից դեպի դրական ջերմաստիճան կգրանցվի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հունվարի 3-րդ տասնօրյակից սպասվում են ձյան տեղումներ:

 

«Արևը նույն տևականությամբ չի թաքնվի ամպերի ետևում: Չեմ ասում, թե մառախուղ չի լինի, բայց այն տևական չի լինի»,- տեղեկացրեց Զարուհի Պետրոսյանը՝ նշելով, որ փետրվարի համար կան սեզոնային կանխատեսումներ. սպասվում է նորմային մոտ՝ դրական շեղումներով ջերմաստիճան:

 

Զարուհի Պետրոսյանն ասաց նաև, թե առանձին ցուրտ օրեր կարող են լինել, բայց դրանք տևական չեն լինի:

 

Իսկ ինչ վերաբերում է նրան, թե անցած տարվա դեկտեմբերին գրանցված ցուրտ ջերմաստիճանը վտանգավոր չէ՞ գյուղատնտեսության համար, Զարուհի Պետրոսյանը տեղեկացրեց, որ իրենք մշտապես կապի մեջ են Գյուղատնտեսության նախարարության հետ, և կարող է ասել, որ Արարատյան դաշտում գրանցված ջերմաստիճանը վտանգավոր էր չթաղված խաղողի համար: