Ինչպես հայտնում է Ամերիկյան Foreign Policy պարբերականը, Ռուսաստանի և Իրանի միջև նավթի մատակարարումների մասին համաձայնագրի կնքումը հնարավոր է հանգեցնի ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին:

 

ԱՄՆ-ի վարչակազմը խիստ մտահոգված է Ռուսաստանի և Իրանի բարտերային համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու հարցով:

 

Ավելի վաղ իրանական և ռուսական աղբյուրները հայտնել էին, որ այդ երկրները նման թեմայով բանակցություններ են վարում: Ըստ այդմ' յուրաքանչյուր ամիս Իրանը 1,5 մլրդ ԱՄՆ դոլարի նավթ է տրամադրելու Ռուսաստանին, իսկ դրա դիմաց ստանալու է ապրանքներ:

 

Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է, որ համաձայնագրի կնքման դեպքում այդ պայմանագիրը կհակասի «վեցնյակի» խմբի հետ Իրանի ձեռք բերած համաձայնագրի սկզբունքներին և կարող է հանգեցնել պատժամիջոցների:

 

Նշենք, որ Ռուսաստանի, Իրանի ու Սիրիայի արտգործնախարարներն այսօր եռակողմ բանակցություններ են անցկացնելու Մոսկվայում: