1989 թ. հունիսի 22-ի երեկոյան 1969 թ. ծնված Արթուր Անտոնյանը մի խումբ անձանց հետ Գուգարք գյուղի խնձորի այգում կացնի բազմաթիվ հարվածներով սպանել էր նույն գյուղի բնակիչ, տասնհինգամյա Վահագն Հարությունյանին:

 

Ինչպես հայտնում են ոստիկանությունից՝ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերով (ներկայիս քր օր-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 10-րդ մասերով), խափանման միջոց էր ընտրվել կալանքը, Արթուր Անտոնյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

 

Ա. Անտոնյանը չէր հայտնաբերվել, սակայն ոստիկանների աշխատանքն այդ ուղղությամբ չէր դադարում:

 

Օրերս Վանաձորի ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նա փոխել է անուն-ազգանունը և անձնագրային այլ տվյալներով թաքնվում է Ռուսաստանի Դաշնության Սամարայի մարզում:

 

Անհապաղ հաղորդագրություն է ուղարկվել ՌԴ ՆԳՆ Սամարայի մարզի գլխավոր վարչություն՝ խնդրելով իրականացնել անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

 

Ռուս գործընկերներից ստացված հաղորդագրությունը փաստել է՝ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գոյություն ունի վերը նշված նկարագրին համապատասխանող անձնավորություն՝ ՌԴ քաղաքացի Սաշա Սողոմոնյանը, որն ապրում է Սամարայի մարզում:

 

ՌԴ ՆԳՆ Սամարայի մարզի գլխավոր վարչություն են ուղարկվել Արթուր Անտոնյանի լուսանկարը և մատնադրոշմային քարտերը՝ նույնականացում կատարելու համար: Պարզվել է, որ Արթուր Անտոնյանը և Սաշա Սողոմոնյանը նույն անձն է:
Աշխատանքներ են տարվում Արթուր Անտոնյանին Հայաստան տեղափոխելու հարցը լուծելու ուղղությամբ: