Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական զինուժի երեկ իրականացրած դիվերսիոն հարձակման հետևանքով զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին կհուղարկավորեն Երևանի Եռաբլուր պանթեոնում, այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Վերջինիս խոսքով՝ հուղարկավորության արարողությանը կմասնակցեն ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաներ, հավանաբար կմասնակցի նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Թաղման արարողությունը տեղի կունենա հունվարի 22-ին` ժամը 14:00-ին:
Նշենք, որ այսօր զինվորի հիշատակին կանցկացվի նաև մոմավառություն:
Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում, արձանագրվել էին ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր։