Հունիսի 10-ին Արցախում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ պայմանագրային զինծառայող՝ 26-ամյա Վահագն Էլոյանը Ապրիլյան պատերազմի մասնակից էր, նա կհուղարկավորվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
Վահագն Էլոյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նա Գյումրիից էր, ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը և մեկնել Արցախ ծառայության: Նա տան միակ տղան էր, ունի իրենից փոքր քույր:
Վահագն Էլոյանը ադրբեջանական կողմից արձակած կրակոցի հետևանքով ստացել էր կրծքավանդակի շրջանում հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում: Նա զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Ինչպես տեղեկացրել ենք՝ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն: