Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է կամավորական Գոռ Մկրտչյանը: Վերջինս մեկ տարի առաջ էր ավարտել ժամկետային զինծառայությունը: Պատերազմը սկսվելուն պես, առանց մեկ վայրկյան վարանելու, մեկնել է ռազմաճակատ` պաշտպանելու հայրենիքը: Այս մասին ԼՈւՐԵՐ.com- ի հետ զրույցում ասաց Գոռի մանկության ընկերը` Վաչե Մկրտչյանը. «Գոռը շատ բարի մարդ էր, ու իր համար բարի ու լավն էին բոլորը: Նա շատ համառ էր, ինչ լիներ մտքին, արագությամբ կյանքի կկոչեր»,- նշեց Վաչեն: Մեր այն հարցին, թե ազատ ժամանակ Գոռը ինչով էր սիրում զբաղվել, ընկերը պատասխանեց. «Մենք մանկության ընկերներ ենք, բայց այսքան ժամանակ չի եղել, որ Գոռին պարապ տեսնեմ, ինքը միշտ մի բանով զբաղվել է: Անգամ երեկոները խանութ է աշխատեցրել և քնել, ընդամենը, 1-2 ժամ»,- պատմեց Գոռի ընկերը: Մեր զրուցակիցը պատմում է՝ Գոռը շատ սիրված էր աղջիկների կողմից. «Գոռը, երբ գտնվում էր ռազմաճակատում, ինձ մոտավորապես 6 աղջիկ է գրել, հետաքրքրվել Գոռից, բայց նա սիրում էր մի աղջկա, որի հետ այդպես էլ չի հասցնում շփվել»,- ընդգծում է Վաչեն: Գոռը զոհվել է հոկտեմբերի 7-ին՝ թշնամու արձակած անօդաչու թռչող սարքի հարվածից:
Նշենք, որ մեր զրուցակիցը՝ Վահեն, եւս մասնակցել է պատերազմին, այժմ գտնվում է հիվանդանոցում: Մեր այն հարցին, թե ապաքինվելուց հետո նորից վերադառնալու է առաջնագիծ, նա պատասխանեց. «Իհարկե, վերադառնալու եմ: Վաղը դուրս եմ գրվելու հիվանդանոցից, կգնամ, Երևանս կտեսնեմ, ու նորից կմեկնեմ ռազմաճակատ»,- եզրափակեց Գոռի ընկերը:
Զվարթ Պետրոսյան