Տիկին Մարինան այսօրվա պես հիշում է որդուն բանակ ճանապարհելու օրը: «Ամուր գրկել էի, չէի թողնում, երևի սիրտս մի բան վկայում էր»,- yerkir.am-ի հետ զրույցում, խեղդելով արցունքները, պատմեց որդեկորույս մայրը:
Արմեն Հովհաննիսյանը, ով հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը զոհվեց' ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կանխելով հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակումը, սովորում էր Մշակույթի պետական քոլեջի կինոսարքավորումների և տեսատեխնիկայի բաժնում: 3-րդ կուրսն ավարտելուց հետո զորակոչվել էր բանակ և մտադրվել վերադառնալուց հետո աշխատանքի անցնել որևէ հեռուստատեսությունում' որպես լուսային կամ հնչյունային օպերատոր:
Մոր խոսքով' որդին սիրում էր իր մասնագիտությունը, մի քանի տեսանյութեր էր հասցրել պատրաստել, որոնցից մեկը մայրը պահել էր: Արմենը երեք քույր ունի, մեկն ամուսնացած է: Մոր պատմելով' որդին երազում էր վերադառնալ և անպայման տեսնել ավագ քրոջ նորածին դստերը, բայց…
«Այնքան ջուր կհոսի, մինչև որ հասկանամ, որ նա այլևս չկա»,- ասաց մայրը և հավելեց, որ շատ կուզենար զգալ, թե ի՞նչ է որդին զգացել և մտածել մահվանից առաջ:
«Բայց այդ հողի համար շատ արյուն հեղվեց ու հեղվում է մինչև այսօր»,- ասաց տիկին Մարինան:
Հովհաննիսյանի տան առջև հավաքված նրա հարազատներն ու հարևանները հպարտությամբ մեկը մյուսին պատմում էր Արմենի գործած սխրանքի մասին, սակայն ոչ ոք չէր ուզում հավատալ, որ այդ համեստ և շնորքով տղան այլևս չկա: Արմենի դրկիցը'Արցախյան պատերազմի վետերան, Գերագույն խորհրդի պատգամավոր Սմբատ Հակոբյանը պատմեց, որ Հովհաննիսյանների ընտանիքը 3-4 տարի է, ինչ իրենց հարևանությամբ է ապրում: «Արմենին միշտ տեսել ենք համեստ, նրա հետ զրուցել ենք հայի հետ կապված տարբեր թեմաներից: Նրա արարքը մեզ բոլորիս ցնցել է»,- ասաց նա:
Արմեն Հովհաննիսյանի հուղարկավորությունը կկայանա վաղը՝ հունվարի 22-ին, զինվորին կհուղարկավորեն զինվորական կարգով։
Մանրամասները' yerkir.am-ի տեսանյութում: