Այլընտրանքային եղանակով արտադրվող էլեկտրաէներգիան ողջ աշխարհում և Հայաստանում ունի շատ ավելի բարձր ինքնարժեք, քան այն, որն արտադրվում է ատոմակայանների ու հիդրոէլեկտրակայանների կողմից, այս մասին Tert.am –ի հետ զրույցում ասաց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն Արսեն Հախումյանը։

 

«Այսօր, ցավոք, այդպես է, և դրա ինքնարժեքը շատ բարձր է հիդրոէլեկտրակայանների ու Մեծամորի ատոմակայանից ստացվող հոսանքից: Ու սա միայն մեզ մոտ չէ, ամենազարգացած երկրներում, որտեղ այլընտրանքային էներգետիկան մեծ լումա ունի էներգետիկ բալանսի մեջ՝ Գերմանիա, Հոլանդիա, որտեղ կազմում է 7%, այնտեղ այդ էլեկտրաէներգիան պետականորեն դոտացիայի մեջ է»,- ասաց Արսեն Հախումյանը՝ ի պատասխան հարցի, թե ի՞նչն է պատճառը, որ տասնամյակներ շարունակ խոսվում է Հայաստանի նման էներգետիկ կախվածություն ունեցող երկրում այս ճյուղի զարգացման անհրաժեշտության մասին, բայց որևէ շոշափելի արդյունք առ այս պահը չի գրանցվել:

 

Նշենք, որ էներգիայի այլընտրանքային աղբյուրներ ասելով' հասկանում ենք վերարտադրվող և շրջակա միջավայրի համար անվտանգ էներգիայի աղբյուրները. արևի, ջրի, հողմային էներգիա:

 

«Ուրիշ բան, եթե հաշվի առնենք ուրիշ բաներ՝ էկոլոգիա, և այլն, և այլն, բայց զուտ եթե վերածենք դրամային արտահայտության, ապա սա չի կարող մրցակցել: Դրա համար, այլընտրանքային էներգիան հարուստ երկրների բան ա»,- նկատեց Արսեն Հախումյանը ՝ ավելացnելով, որ դեռ մեկ տասնամյակ և ավելի չի կարելի ակնկալել, որ Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի կիրարկումը կարող է մրցակցության մեջ մտնել հոսանքի ու գազի հետ և գին իջեցնել:

 

Հիշեցնենք, որ Անկախության առաջին տարներին «հայկական արևը» իր պատվավոր տեղն ուներ բոլոր այն ապրանքների ու բնական ֆենոմենների՝ «հայկական ջերմուկի», «հայկական մոլիբդենի», «հայկական ծիրանի» շարքում, որոնք մենք հայերս՝ ունենալով լիուլի, պետք է դարձնեինք ինքնաբավ, արտահանեինք և այլն:

 

Ի պատասխան հարցի, ուրեմն ինչո՞ւ էին այս հայկական միֆերը շրջանառվում, գիտնականը նշեց, որ ինքը, իհարկե, չի հերքում, որ այն հիմա էլ որևէ օգուտ տալիս է: Բայց պայմանով, որ ներդրվի ոչ թե ողջ համակարգը, այլ դրա մեկ բաղադրիչ, տարր՝ այն հատվածներում, որոնք տնտեսապես ձեռնտու են:
«Կան բազմաթիվ այլ եղանակներ, արևային ասենք՝ ջուր տաքացնելու, որոնք շատ մասնավոր ընկերություններ տեղադրել են ու սա շատ էժան է, ամռանը համարյա ծախս չկա: Բայց չէ՞, որ էլեկտրաէներգիան տարվա կտրվածքով ենք նայում, ինչ պարտադիր է, որ ասենք՝ միայն ամռանն է գործում»,- ասաց Արսեն Հախումյանը:

 

Բացի այդ, ըստ նրա, հաշվի առնելով աշխարհում նանոտեխնոլոգիաների, նորարարությունների, տարբեր գյուտերի ու տեխնոլոգիաների ի հայտ գալով՝ այլընտրանքային էներգետիկայի ինքնարժեքը տարեց տարի անկում է ապրել ու որ այդ տեմպերը բավականին արագ են (օրինակ՝ ԱԷԿ-ից ու ՀԷՑ-երից ստացվող հոսանքի արժեքը մի քանի անգամ գերազանցող արևից ստացված էներգիայի գինը տարիներ առաջ մի քանի անգամ բարձր է եղել, քան հիմա), տարիներ հետո կլինի վիճակ, երբ այլընտրանքային էներգետիկան կմրցակցի հոսանքի ու գազի հետ:

 

Հիշեցնենք, որ հունվարի կեսերին Հայաստանի քաղաքացիներից շատերը հանկարծակիի էին եկել՝ իմանալով, թե որքան են ստիպված լինելու վճարել արդեն թանկ գնով հաշվվող գազի և էլեկտրաէներգիայի դիմաց։

 

Ի պատասխան հարցի, թե «դավադրության տեսություն» չի՞ տեսնում, այլընտրանքային էներգետիկայի ինքնարժեքի բարձր մնալու մեջ, ԳԱԱ աշխատակիցն ասաց.«Չէ, չէ, հասկանում եմ՝ ինչ եք ասում, բայց սա զուտ տնտեսական հարց է»:

 

Հիշեցնենք, որ «Չորրորդ իշխանություն» թերթն այսօր տեղեկացրել էր այն մասին, որ Հայաստանում ապրող գյուղացիներից մեկը փայտով աշխատող «խելացի» «Բաքսի» վառարան է ստեղծել ու այն օգտագործում է տունը ջեռուցելու համար։

 

Tert.am-ը ՀՀ Մտավոր սեփականության գործակալության «Գյուտերի և օգտակար մոդելների» բաժնի պետ Ավետիս Պերյանից փորձեց տեղեկանալ՝ շա՞տ են այն հայտերը, որոնք վերաբերում են կենցաղային պայմանների բարելավմանը, ինչու՝ ոչ այլընտրանքային էներգետիկային: «Լինում են, հա, բայց որ ասեմ, մեծամասնությունը դա է, չեմ կարող պնդել»,- ասաց Ավետիս Պերյանը:

 

Իսկ ամենաշատ հայտերը վերաբերել են նյութերի մշակման և շերտավորման տեխնոլոգիաների, շինարարական տեխոնոլգիաներին, ապա՝ չափումներին և օպտիկային, ապա՝ բժշկությանը և անասնաբուժությանը:
Ի դեպ, 2013-ին 2012–ի համեմատ Հայաստանում պակասել է գործակալություն ներկայացված հայտերի քանակը։ Հարցին, թե սա պայմանավորված է արտագաղթո՞վ, գիտությամբ չզբաղվելո՞վ, թե այլ գործոնով, Ավետիս Պերյանն ասաց, որ չի կարող ասել: Իսկ վիճակագրությունն ասում է, որ 2012-ին եղել 182, 2013-ին՝ 172 հայտ:

 

Որքան էլ տարօրինակ է՝ այդ հայտերում եղել են նաև արտադրության համար նախատեսված գյուտեր, օրինակ՝ շարժիչներին վերաբերող: «Բայց որ կիրառվում են, ոչ, ավելին՝ կարող եմ ասել, որ 99 տոկոսը թղթի վրա է մնում, ներդրվելը չնչին տոկոս է»,- ասաց գործակալության աշխատակիցը:

 

Ավետիս Պերյանը նույնիսկ նշեց, որ գյուտերի հեղինակները, որոնք դրանք արտոնագրելու հայտ են ներկայացնում գործակալություն, որպես կանոն, տնտեսվարողների, արտադրող ընկերությունների հետ ոչ մի պայմանավորվածություն չեն ունենում:

 

«Անհայտ ինժեներներ են, շատերը՝ տունը նստած, թոշակի տարիքի, ոչ մի պայմանավորվածություն չունեն, ստանում են արտոնագիրը, տանում պատից կախում»,- ասաց Ավետիս Պերյանը: