Mediamall.am-ն առանձնացրել է օրվա ուշագրավ նորությունները.


Գեղարքունիքի զորամասերից մեկում պարգեւատրման արժանացած զինծառայողներից գումար են հավաքել եւ խանութի պարտք փակել

 

Գեղարքունիքի մարզի ՀՀ ՊՆ N զորամասում դրամական պարգեւատրման արժանացած զինծառայողներից գումարը հավաքել են եւ խանութի պարտք են փակել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

 

Սամվել Սարգսյանին,Սերգո Ավետիսյանին եւ Վահե Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք գտնվելով զինվորական ծառայության մեջ ՀՀ ՊՆ N զորամասում Սամվել Սարգսյանի անօրինական կարգադրությամբ դրամական պարգեւատրման արժանացած զինծառայողներից Սերգո Ավետիսյանը հավաքագրել է խրախուսման գումարները,որոնցով մարել է« Ասպետ եւ ընկերներ» ՍՊԸ-ին պատկանող խանութից նախապես ապառիկ կարգով ձեռք բերված շինարարական ապրանքների պարտքը,Վահե Աբրահամյանը միջոցներ տրամադրելով եւ խոչընդոտներ վերացնելով օժանդակել է:

 

***

Խոշոր վթար Տաշիր-Մեծավան ճանապարհին. 5 վիրավորներից մեկը մահացել է

 

Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 12-րդ կմ-ում, այսօր՝ հունվարի 30-ին, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է է փրկարարների օգնությունը:

 

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում բախվել են «Օպել» մակնիշի 28 SS 269 եւ «ԲՄՎ» մակնիշի 31 UL 670 համարանիշների ավտոմեքենաները:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «1-03» ծառայության աշխատակիցները «ԲՄՎ»-ի վարորդ Գ. Մ.-ին եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ'27-ամյա Ա. Ս.-ին, ուղեւորներ' 26-ամյա Ա., 49-ամյա Ռ. Դ.-ին, 19-ամյա Վ. Ա.-ին տեղափոխել են Տաշիրի ԲԿ, որտեղ Ա. Ս. մահացել է. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են վառելիքաքսուքային նյութերից ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ:

 

***

Օբաման կաջակցի ուկրաինացի ցուցարարներին

 

Ինչպես հայտնում է ria.ru-ն, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ուկրաինայում և ողջ աշխարհում անհատի և ժողովրդի կարծիքի և ցանկության ազատություններին աջակցելն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիրն է: Այս մասին Օբաման հայտարարել է ԱՄՆ-ի Կոնգրեսում՝ «Երկրի դրության մասին» խորագրով ելույթում:

 

«Ուկրաինայում մենք աջակցում ենք այն սկզբունքը, ըստ որի բոլոր մարդիկ իրավունք ունեն ազատ և խաղաղ արտահայտելու իրենց կարծիքներն ու դիրքորոշումները երկրի ապագայի վերաբերյալ»,-ասել է Օբաման:

 

***

Շարքային Կարեն Գալստյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

 

Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 30-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Կարեն Գալստյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

 

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1994թ. ծնված Կարեն Գագիկի Գալստյանը:

 

***

Վիկտոր Յանուկովիչը հիվանդանոց է տեղափոխվել

 

Ինչպես հայտնում է Украинская правда-ն, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հիվանդանոց է տեղափոխվել:

 

«Ուկրաինայի նախագահը հիվանդանոց է տեղափոխվել սրտանոթային ու սուր շնչառական հիվանդության ախտանիշով»,-ասել է բժիշկ Ալեքսանդր Օրդան:

 

Украинская правда-ն փորձել է հեռախոսակապ հաստատել նախագահի մամլո քարտուղարի հետ և մեկնաբանություններ ստանալ, սակայն ոչ ոք չի պատասխանում:

 

Վիկտոր Յանուկովիչի առողջական վիճակի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 

***

Աբդուլլահ Օջալանը նամակով դիմել է հայերին

 

Աբդուլլահ Օջալանը՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության հիմնադիրն ու առաջնորդը, ով ցմահ ազատազրկման է դատապարտված, ուղերձ է հղել հայերին' 1915թ.-ի Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է haqqin.az-ը:

 

Օջալանը հայերի նկատմամբ տեղի ունեցած Ցեղասպանությունը որակել է անմարդկային և հայտարարել, որ հայերը մեծ պայքարի արդյունքում կարողացել են մնալ կանգուն և հաստատուն:

 

Նա նաև նշել է, որ երբեք բացասական վերաբերմունք չի տածել հայերի նկատմամբ և իր կողմնակիցները պայքարում են ոչ միայն քրդերի, այլ նաև հայերի ու մյուս բնիկ ժողովուրդների ազատության և կրոնի համար:

 

Օջալանի նամակը հանձնվել է Թուրքիայի արդարադատության նախարարության միջոցով։

 

Հիշեցնենք, որ 1999 թվականի հունիսի 29-ին Թուրքիայի դատարանն Օջալանին դատապարտեց մահվան: Դա բողոքի մեծ ալիք բարձրացրեց քրդերի շրջանում, որի արդյունքում Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 1999 թվականի վճիռը փոխարինեց ցմահ ազատազրկմամբ:

 

***

Հայաստանում վաճառքի է հանվել նույնասեռականություն քարոզող գիրք

 

Հայաստանում վաճառքի է հանվել նույնասեռականություն քարոզող գիրք։
«Մենակության շտամպ» գրքի խմբագիրը Վահան Իշխանյանն է, տպագրությունը ֆինանսավորվել է «Բաց հասարակության հիմնադրամի» կողմից, լուսանկարների հեղինակը ֆոտոլրագրող Նազիկ Արմենակյանն է։

 

Հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբուլցյանն այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց, որ օրենքի կարիքը Հայաստանն առհասարակ չուներ: «Մեր առաջարկն է պահանջել, որ այս օրենքը օրենքից դուրս ճանաչեն կամ պատրաստել հոդված, որ մանկապղծության, միասեռականության և նմանատիպ այլ քարոզչություններն արգելվեն»,– ասաց նա:

 

«Հենց այդ միասեռականության արդյուքնում ի հայտ եկան ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիվանդությունները: Այլասերման միջոցով փորձում են աշխարհը կառավարելի դարձնել: Եվ այսօր մեր առջև մեր արժեքների ոտնահարման խնդիր է դրված, նաև կա խնդիր ամեն ճանապարհով կրճատել մարդկության թիվը»,- ասաց Ստամբուլցյանն և առաջարկեց, որ ՀՀ իշխանությունները չընդունեն գենդերի մասին այդ օրենքը։

 

Բանախոսը նաև համոզմունք հայտնեց, որ կարծիքները, թե Հայաստանում այդ օրենքը չի ընդունվի, ընդամենը եվրոպական խաբկանք է:

 

***

Մոսկվայում անոմալ եղանակների պատճառով դուրս կբերվեն լրացուցիչ փոխադրամիջոցներ

 

Մոսկվայում հաստատված սաստիկ ցրտերի պատճառով «Мосгортранс»-ը երթուղի է դուրս բերել լրացուցիչ ավտոբուսներ: Այս մասին հայտնում է BBC-ն:

 

Հունվարի 30-ին Մոսկվայում ջերմաստիճանն իջել է մինչև -26C: Այս եղանակը կպահպանվի մինչև փետրվար 1-ը:

 

Մոսկվայի իշխանությունները երաշխավորում են, որ սառնամանիքին հասարակական սրանսպորտի ջեռուցման համակարգերը կաշխատեն բնականոն հունով:

 

***

Սերժ Սարգսյանը Պրահայում հանդիպում է ունեցել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ

 

Պետական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի հետ: Երկու երկրների նախագահների բանակցությունների ավարտին տեղի է ունեցել մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես ստորագրվել են Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ, Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական և արդյունաբերական համագործակցության մասին, Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին, Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Չեխիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև աղետների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման, հրշեջ ծառայության և բնակչության պաշտպանության մասին, Համատեղ հռչակագիր Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Չեխիայի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության միջև բնապահպանության բնագավառում համագործակցության մասին, Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Չեխիայի Հանրապետության մաքսային գլխավոր տնօրինության միջև համագործակցության մասին:

 

***

Գերի ընկած Խոջոյանը հարցազրույց է տվել ադրբեջանական հեռուստաընկերությանը (տեսանյութ)

 

Հունվարի 28-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ Մամիկոն Խոջոյանը հայտնվել էր Ադրբեջանի տարածքում:

 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 1937թ. նոյեմբերի 29-ին ծնված Մամիկոն Խոջոյանը արդեն 3 տարի հաշվառված է որպես հոգեկան հիվանդ: Նա ունի 3 տղա, 3 աղջիկ, Վերին Կարմիրաղբյուրում ապրում է տղաներից մեկի և նրա կնոջ հետ:

 

Ադրբեջանի ՊՆ-ն շտապել էր նրան որպես դիվերսանտի ներկայացնել, որոշ լրատվականներ էլ անգամ գրեցին, որ նրա մոտ հայտնաբերվել է զենք:

 

Այժմ էլ ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը հարցազրույց է ունեցել Մամիկոն Խոջոյանի հետ:

 

Տեսանյութում Մամիկոնը պատմում է, որ Հայաստանում ունեցել է երկու մեծ այգի ու մեքենա:

 

Խոսելով կոտրած ձեռքի մասին՝ Կարմիրաղբյուրի բնակիչն ասել է, թե ինքը իրեն անհամեմատ ավելի լավ է զգում և ձեռքն արդեն լավանում է:

 

 

 

***

Ադրբեջանցի ընտանիքը Հայաստանից քաղաքական ապաստան է խնդրել

 

aravot.am-ը գրում է. «Հունվարի 29-ին Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող մի ընտանիք՝ հայրը, մայրը եւ 3 երեխաներ, հայ –վրացական սահմանի Բագրատաշենի մաքսակետում Հայաստանից քաղաքական ապաստան է խնդրել:

 

Այս տեղեկության հավաստիությունը մենք ճշտել ենք»: