Ադրբեջանում գերի ընկած 77-ամյա Մամիկոն Խոջոյանին հարազատների անժամանակ մահն է խելագարության հասցրել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը։ Գյուղապետը պատմեց, որ գերի ընկած տղամարդու կինը մոտ 55 տարեկանում է մահացել, տղան՝ մոտ 35 տարեկան հասակում: Նրա երկու թոռները Ռուսաստանում վթարի զոհ են դարձել, մյուս թոռը Հայաստանում հիվանդության պատճառով է մահացել, իսկ թոռներից մեկն էլ հազիվ են հետ պահել ինքնասպանությունից։
Կամո Չոբանյանը պատմեց, որ Լիպեցկում բնակվող նրա որդին այդ ամենից հետո հորը տանում է իր մոտ, սակայն նա արդեն հոգեկան խնդիրներ է ունենում եւ հայրը Լիպեցկից գնացք է նստել եւ փախել։ «Օրեր անց նրան Մոսկվայում հայտնաբերեցին»,- հիշեց գյուղապետը։
Նա նաեւ տեղեկացրեց, որ իրենց այցելած Կարմիր Խաչի ներկայացուցիչներին Մամիկոն Խոջոյանի թոռը նամակ է հանձնել։ «Գրած էր, որ սպասում ենք, կարոտում ենք, շուտ արի»,- մանրամասնեց գյուղապետը։
Ինչ վերաբերում է Մամիկոն Խոջոյանի ձեռքի կոտրվածքին, գյուղապետն ասաց. «Չենք կարծում, թե ձեռքը կոտրված է, քանի որ նա առաջին օրվա վիդեոյի մեջ շարժում է ձեռքը։ Պարզապես գիպս են դրել ցույց տալու համար, թե ինչ մարդասեր եւ սիրալիր ժողովուրդ են։ Կամ, որ այդ վիդեոյի մեջ ասում է. «Մեքենա ունեմ, խաղող եմ հավաքել», ինքը, երբեք մեքենա չի ունեցել։ Վերջին 5 տարիների ընթացքում նա ոչ մի ֆիզիկական աշխատանք չի կատարել։ Իսկ տարիներ առաջ մեր ջրային տնտեսությունում էր աշխատում»,- ասաց գյուղապետը։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում: