Ռուսական Forbes ամսագիրը հրապարակել է անշարժ գույքի ոլորտում Ռուսաստանի Դաշնության ամենահարուստ գործարարների' 2014 թվականի վարկանիշային աղյուսակը, ուր հայտնվել է նաև հայազգի գործարար, «Տաշիր Գրուպ» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը: Ինչպես հաղորդում է Forbes-ը, անշարժ գույքի կոմերցիոն նպատակով ձեռքբերումը 2013 թվականին ֆինանսական ներդրումներ կատարելու տարածված եղանակն է եղել Ռուսաստանում:
Վարկանիշային աղյուսակում ընդգրկվել են 30 ռուս և արտասահմանցի գործարարներ, ովքեր իրենց բիզնեսը ծավալում են ՌԴ-ում: Մասնակցի զբաղեցրած հորիզոնականը որոշվել է ըստ 2013 թվականին վերջինիս պատկանող անշարժ գույքից ստացված հնարավոր եկամտի, մյուս բիզնեսներից ստացված եկամուտները հաշվի չեն առնվել:
«Ռուսական անշարժ գույքի արքաները» վարկանիշային աղյուսակում առաջին հորիզոնականն զբաղեցնում են «Կիևյան հրապարակ» ընկերությունների խմբի սեփականատերեր Զարախ Իլիևը և Գոդ Նասիևը' տարեկան 1 միլիարդ 280 միլիոն դոլար եկամուտ ապահովելու համար: Երկրորդ հորիզոնականում է Սամվել Կարապետյանը' տարեկան 960 միլիոն դոլար երկամտով: Իսկ տարեկան 800 միլիոն դոլար եկամտով երրորդ հորիզոնականում է «ИКЕА Мос»-ի սեփականատեր Ինգվար Կամպրադը: 30-րդ հորիզոնականում է կրկին հայազգի գործարար, «Легион Девелопмент»-ի սեփականատեր Դանիլ Խաչատուրովը' տարեկան 70 միլիոն դոլար եկամտով:
Գնահատման համար Forbse-ը հաշվի է առել սեփականատերերի հաղորդած տեղեկատվությունը, Colliers International, Russian Research Group, Knight Frank, Cushman & Wakefield, Jones Lang LaSalle, CBRE խորհրդատվական ընկերությունների, ինչպես նաև արդյունաբերության մասին Arendator և Rent.ru ինտերնետային ռեսուրսների տվյալները: