Հայաստանի անշարժ գույքի շուկայում այս տարվա փետրվարին իրականացվել է 3606 առքուվաճառքի գործարք, մինչդեռ նախորդ տարվա պետրվարին այդ ցուցանիշը կազմել է 3930: Իսկ այս տարվ հունվարին կատարվել է 3021 գործարք:

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում ամենաշատ գործարքները՝ 1057 կատարվել են Երևանում, որը կազմում է ընդհանուրը 29,3 տոկոսը:

Անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների մոտ 45 տոկոսը հողի գործարքներն են, 28,8 տոկոսը՝ բազմաբնակարան շենքերի բնակարանների գործարքները, 15,2 տոկոսը տների, 5,4 տոկոսը՝ ավտոտնակների գործարքները:

Փետրվարին օտարերկրացիները Հայաստանում անշարժ գույք գնելու 158 գործարք են կատարել։ Դրանցից 116 գործարք կատարվել է Ռուսաստանի, 19-ը՝ եվրոպական երկրների, 7-ական՝ ԱՄՆ-ի և ԱՊՀ երկրների (բացառությամբ Ռուսաստանի Դաշնության), 3-ը՝ Իրանի քաղաքացիների կողմից։

Օտարերկրյա քաղաքացիների կողմից իրականացված անշարժ գույքի գնման 158 գործարքներից 83-ը եղել են բազմաբնակարան շենքերի բնակարանների, 24-ը' բնակելի տների: Ամենաշատը օտարերկրացիները անշարժ գույք են գնել Երևանում (99 գործարք), ամենաքիչը՝ Սյունիքի մարզում (1 գործարք)։

Միաժամանակ, հաշվետու ամսում օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում իրականացրել են անշարժ գույքի վաճառքի 243 գործարք։ Այսպես, ՌԴ քաղաքացիների կողմից իրականացվել է 178 գործարք, ԱՄՆ-ի 19, ԱՊՀ երկրների (առանց Ռուսաստանի Դաշնության)՝ 18, եվրոպական երկրների՝ 16, Իրանի՝ 4, իսկ այլ պետությունների քաղաքացիների՝ 8 գործարք։

Օտարերկրյա քաղաքացիների կողմից անշարժ գույքի առուվաճառքի 243 գործարքներից 104-ը կատարվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայում, 73-ը' հողի շուկայում, 54-ը' բնակելի տների, 9-ը' ավտոտնակի շուկայում:

Ամենից շատ օտարերկրյա քաղաքացիները անշարժ գույք են վաճառել Երևանում (82 գործարք), ամենաքիչը՝ Վայոց ձորի մարզում (2 գործարք)։