Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է փաստաբան Հայկ Ալումյանի և Էմիլ Բուդաղյանի բողոքների քննությունը:
Փաստաբանը բողոքարկել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի, և թիկնապահի' Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ նախաքննական մարմնի կողմից քրեական հետապնդումը դադարեցնելու որոշուման դեմ: Հայկ Ալումյանը բողոքարկել է նաեւ Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման դեմ:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում փաստաբանը նշեց, որ նախաքննական մարմինը Բուդաղյանին մեղավոր է համարել սպանության փորձի մեջ: Ալումյանի համոզմամբ, դատարանը պետք է որոշի նրա անմեղությունը կամ մեղավորությունը: Փաստաբանը դատարանին միջնորդություն է ներկայացրել նախաքննական մարմնից քրեական գործի նյութերը պահանջելու մասին:
Նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը շուրջ մեկ ժամ տեւած դատաքննությունն այսօր ընդմիջել է՝ հեռանալով խորհրդակցական սենյակ: Բացարկի ճակատագիրը հայտնի կդառնա վաղվա դատական նիստում:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ 2013թ. հունիսի 1-ին տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն իրականացնում է Պաշտպանության նախարարության քննչական վարչությունը: