Հայազգի գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանի փաստաբանը բողոքարկել է մեղադրանքը եւ այժմ պաշտպանվող կողմը սպասում է դատարանի որոշմանը: Լեւոն Հայրապետյանն էլ քննիչի հետ զրույցում չի ընդունել այն մեղադրանքները, որ վերագրել են իրեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին նշեց Լեւոն Հայրապետյանի ընկեր և վստահված անձ Մացակ Փոլադյանը:

 

Նրա խոսքով, թե բողոքարկման հարցով դատարանի որոշումը երբ կլինի' պարզ չէ. Ռուսաստանում չկա հստակ ժամկետ, թե բողոքարկման պատասխանը երբ կարող են տալ: «Ասում են' կարող է մեկ շաբաթից կամ տասն օրից: Հստակ ժամկետ չկա, ի տարբերություն Ֆրանսիայի, որտեղ 48 ժամվա ընթացքում են տալիս: Մենք չենք ընդունում եւ Լեւոն Հայրապետյանն էլ չի ընդունում իր մեղքը: Սա սարքած գործ է, հաշվեհարդար եւ Հայրապետյանը մեղադրանքների հետ ոչ մի առնչություն չունի»,- ընդգծեց Փոլադյանը:

 

Նրա գնահատմամբ'պատմությունը շատ խառն է, խճճված եւ ոչ մի խոսք չի համապատասխանում իրականությանը: «Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ նրան ձերբակալել են Մոնակոյից վերադառնալուց, մինչդեռ Լեւոնը Երեւանից է վերադարձել Մոսկվա: Եթե Ռուսաստանի իրավապահ մարմիններն, իրոք, փնտրում էին Լեւոնին, ապա ինչո՞ւ նրան չեն ձերբակալել, երբ դեպքից 2 շաբաթ առաջ նա Մոսկվայից մեկնել էր Նիցցա' ինձ մոտ: Եթե սա հաշվեհարդար չէ եւ Լեւոն Հայրապետյանն, իրոք, օրենք էր խախտել, երկրից դուրս գալուց պետք է ձերբակալեին, այլ ոչ թե ներս մտնելուց: Սովորաբար, այդպես են անում »,- նկատեց Մացակ Փոլադյանը' հավելելով, որ ձերբակալությունից հետո խոսել է Հայրապետյանի ռուս ընկերների հետ. նրանք նույնպես համակարծիք են, որ կատարվածը սովորական հաշվեհարդար է:

 

«Նրա ընկերների մեջ կան իրավապահ համակարգի ներկայացուցիչներ եւ նրանք բոլորն էլ միաբերան պնդում են, որ Լեւոնի «գլխին սարքել» են»,- ասաց Փոլադյանը' հավելելով, որ Հայրապետյանը երբեք չի խոսել, որ Մոսկվայում խնդիրներ ունի եւ որ իրեն կարող են ձերբակալել: «Թե ում էր ձեռնտու Հայրապետյանի ձերբակալությունը» Փոլադյանը տեղյակ չէ: «Լեւոնը միշտ ասում էր, որ թշնամիներ չունի եւ իր ամբողջ կյանքի ընթացքում մարդկանց օգնել է»,- ասաց Փոլադյանը: Անդրադառնալով Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակին, Փոլադյանն ասաց, որ երկու ամիս առաջ Լոս Անջելեսում լյարդի վիրահատություն է տարել: Բացի այդ, Հայրապետյանը տառապում է շաքարային դիաբետով, ունի ճնշման տատանում, ինչի հետեւանքով վերջին շրջանում վատացել է նաեւ նրա տեսողությունը:

 

«Երբ ես Նրան Փարիզից ճանապարհ էի դնում Երեւան, օդանավակայանում իրեն արդեն շատ վատ էր զգում: Ես նրան առաջարկեցի, որ չմեկնի, բայց ասաց' ոչ, գնամ տեսնեմ Ստեփանակերտում ինչ կա»,- ասաց Փոլադյանը' հավելելով, որ Հայրապետյանը Ստեփանակերտ էր գալիս տեղի ռազմական ակադեմիայի շինարարության ընթացքին հետեւելու համար:

 

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը հուլիսի 15-ին' «Դոմոդեդովո» օդանավակայանում' Մոնակոյից վերադառնալուց ձերբակալել է Լեւոն Հայրապետյանին: Նույն օրը երեկոյան Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են երկու տուփ փաթեթավորված փամփուշտներ: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն Մոսկվայի Բասմանյան դատարան հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու մասին միջնորդություն էր ներկայացրել:

 

Հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանին ձերբակալել են Սերգեյ Ֆինասգինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում: Կինգիսեպը Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող բնակավայրի անուն է: Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած այս խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է բազմաթիվ ծանր հացագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը:

 

Իրավապահները լրատվամիջոցներին հայտնել են, որ Լևոն Հայրապետյանը, սակայն, կապ չունի այս խմբավորման կողմից իրականացված սպանությունների հետ: Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ: Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի մասին գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել: