Մոսկվայի քաղաքային հիվանդանոցում հայազգի բարերար եւ գործարար Լեւոն Հայրապետյանն անհրաժեշտ բուժզննում անցելուց հետո կրկին տեղափոխվել է կալանավայր:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Լեւոն Հայրապետյանի վստահված անձ Մացակ Փոլադյանն ասաց, որ զրուցել է Հայրապետյանի փաստաբանի հետ եւ տեղեկացել, որ բուժզննումից հետո գործարարն իրեն ավելի լավ է զգում: «Փաստաբանն ինձ ասաց, որ դատական առաջին նիստը կկայանա սեպտեմբերի 15-ին:

 

Նա հավաստիացնում է, որ չկա որեւէ էլեմենտ, որեւէ հարց, որի պատճառով Հայրապետյանին կպահեն կալանավայրում: Փաստաբանի համոզմամբ, սեպտեմբերի 15-ին Լեւոն Հայրապետյանին հենց դատարանից ազատ կարձակեն»,- ասաց Մացակ Փոլադյանը' հավելելով, որ օրեցօր հայ գործարարի հետ կապված գործն ավելի մեծ արձագանք է ստանում եւ վստահ է, որ արդարությունը հաղթանակելու է:

 

Հուլիսի 15-ին Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է հայ գործարար Լևոն Հայրապետյանին: Այնուհետև Մոսկվայի Բասմանյան դատարանը, հիմք ընդունելով ՌԴ քննչական կոմիտեի միջնորդությունը, կալանավորել է Հայրապետյանին:

 

Գործարարը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ: Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին, «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի մասին գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել: Վերոնշյալ մեղադրանքները հայ գործարարը չի ընդունում, իսկ նրա փաստաբանն արդեն բողոքարկել է կալանքի որոշումը:

 

Դատարանը դեռևս բողոքարկման վերաբերյալ որոշում չի կայացրել: Ամենայն հավանականությամբ, հուլիսի 25-ին դատարանը պաշտոնական մեղադրանք կառաջադրի Հայրապետյանին: Մինչ այդ Ռուսաստանում գործող մի շարք հայկական կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնել գործարարին, իսկ Վանք գյուղի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի: Սեպտեմբերի 1-ի գիշերը ն րան տարել են քաղաքացիական հիվանդանոց ստուգման: