Արցախցի գործարար և հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը վատացել է, նա ինսուլինի կարիք ունի. Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայրապետյանին կալանավորելուց հետ Facebook սոցիալական ցանցում նրա անունով էջ է բացվել, որտեղ առկա է հետեւյալ հաղորդագրությունը:
«Լևոն Հայրապետյանի հավատարմագրված անձ և ընկեր Մացակ Փոլադյանը քիչ առաջ զրուցել է Հայրապետյանի փաստաբանի հետ, որն այս պահին պատրաստվում է բողոքարկել Բասմանյան դատարանի որոշումը վերադաս դատարանում' խափանման միջոցը փոխելու նպատակով, բացի այդ, պաշտպանը հայտնել է, որ Լևոնի առողջական վիճակը լավ չէ, նա տառապում է շաքարային դիաբետով, ունի ինսուլինի կարիք և գտնվում է հոգեպես ընկճված վիճակում:
Լևոնը վերջերս տարել է ինսուլտ, և եթե չլինի բժիշկների հսկողության տակ՝ դժվար այդ անմարդկային պայմաններում կարողանա դիմանալ սպասվող պայքարին...»։
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը հուլիսի 15-ին' «Դոմոդեդովո» օդանավակայանում' Մոնակոյից վերադառնալուց ձերբակալել է Լեւոն Հայրապետյանին: Նույն օրը երեկոյան Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են երկու տուփ փաթեթավորված փամփուշտներ: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն Մոսկվայի Բասմանյան դատարան հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու մասին միջնորդություն էր ներկայացրել:
Հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանին ձերբակալել են Սերգեյ Ֆինագինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում: Կինգիսեպը Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող բնակավայրի անուն է:
Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած այս խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է բազմաթիվ ծանր հացագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը: Իրավապահները լրատվամիջոցներին հայտնել են, որ Լևոն Հայրապետյանը, սակայն, կապ չունի այս խմբավորման կողմից իրականացված սպանությունների հետ:
Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ: Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին, «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի մասին գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել: