Ռուսաստանում ձերբակալված հայազգի գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակը գիշերը կրկին վատացել է: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց գործարարի ընկեր Մացակ Փոլադյանը, կալանավայրից հայտնել են, որ նա իրեն վատ է զգացել շոգի պատճառով: «Ասում են, որ կալանավայրի խցում չափազանց շ ոգ է, ինչն էլ ազդում է նրա առողջական վիճակի վրա: Այնտեղ անմարդկային պայմաններ են, և պատասխանատուները չեն փորձում գոնե փոքր-ինչ բարելավել պայմանները: Կալանավայրի բժիշկները պրոֆեսիոնալ չեն և իմիջիայլոց են վերբերվում նրա առողջությանը»,- ասաց Փոլադյանը: Նրա խոսքով' Լևոն Հայրապետյանի պաշտպանությամբ զբաղվող մարմինները պետք է ահազանգեն այդ իրավիճակի մասին:

 

Խոսելով Հայրապետյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու մասին' Մացակ Փոլադյանը ասաց, որ միայն Բժշկական անկախ հանձնաժողովի եզրակացությունից հետո պարզ կլինի' Հայրապետյանին կտեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց, թե ոչ:

 

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը հուլիսի 15-ին, «Դոմոդեդովո» օդանավակայանում, Մոնակոյից վերադառնալուց ձերբակալել է Լեւոն Հայրապետյանին: Նույն օրը երեկոյան Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են երկու տուփ փաթեթավորված փամփուշտներ: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն Մոսկվայի Բասմանի դատարան հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու մասին միջնորդություն էր ներկայացրել:

 

Հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանին ձերբակալել են Սերգեյ Ֆինասգինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում: Կինգիսեպը Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող բնակավայրի անուն է: Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած այս խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է բազմաթիվ ծան ր հացագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը: Իրավապահները լրատվամիջոցներին հայտնել են, որ Լևոն Հայրապետյանը, սակայն, կապ չունի այս խմբավորման կողմից իրականացված սպանությունների հետ: Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ:

 

Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել: Վերոնշյալ մեղադրանքները Հայրապետյանը չի ընդունում, իսկ նրա փաստաբանն արդեն բողոքարկել է. Դատարանը դեռեւս բողոքարկման վերաբերյալ որոշում չի կայացրել: Հուլիսի 24-ին դատարանը պաշտոնական մեղադրանք է առաջադրել Հայրապետյանին: Մինչ այդ Ռուսաստանում գործող մի շարք հայկական կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնել գործարարին, իսկ Վանք գյուղի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի: