ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան այցելության ժամանակ առանձնահատուկ ուշադրություն են դարձրել վերջին շրջանում սահմանի լարված վիճակին: Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն ասաց, որ սահմանին հնչող կրակոցները եղել են երկու երկրների պաշտպանության նախարարների հետ հանդիպման օրակարգում:
«Բաքվում եւ Երեւանում հանդիպել ենք պաշտպանության նախարարներին, քննարկել սահմանի լարված վիճակը, վերջին շրջանի իրադարձությունները: Կողմերը ներկայացրեցին իրենց տեսակետերը, որոնք որեւէ կերպ չեն համընկնում: Այնուամենայնիվ, մենք շարունակելու ենք մեր աշխատանքն այդ ուղղությամբ' այն գիտակցությամբ, որ ցանկացած մահ մեծ կորուստ է եւ խոչընդոտում է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մենք հույս ունենք, որ կպահպանվի հրադադարի ռեժիմը եւ այդ առումով կոչ ենք արել ադրբեջանական կողմին: Հրադադարի ռեժիմի պահպանման մասին խոսել ենք Հայաստանի պաշտպանության նախարարի հետ, թեման կլին ի նաեւ նախագահի հետ հանդիպման օրակարգում»,-ասաց Իգոր Պոպովը' հավելելով, որ հանդիպումների ժամանակ քննարկվել են նաեւ խնդրի կարգավորման ուղղությամբ սեղանին դրված փաստաթղթերը:
Փետրվարի 5-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ համանախագահները կքննարկեն նաեւ հակամարտության կարգավորման սկզբունքները: «Կներկայացնենք այն տարբերակներ, որոնք արդեն քննարկվել են երկու երկրների արտաքին գործերի նախարարների Փարիզում կայացած հանդիպման ժամանակ, որը, ի դեպ, շատ կառուցողական էր: Բայց, բնականաբար, բոլորը հարցերը չէ, որ որոշված են, կա խնդիրների մի շարք, որոնց լուծման շուրջ շարունակում ենք աշխատել»,- ասաց Իգոր Պոպովը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի 2-ի երեկոյան ժամանել են տարածաշրջան: Նրանք հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Միջնորդները տարածաշրջանում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման նպատակով: