ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեր Անդրիոն (Ֆրանսիա) Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ քննարկել են հոկտեմբերին Փարիզում կայանալիք Սարգսյան-Ալիև հանիպման մանրամասները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ԵԱՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

 

Հոկտեմբերի վերջին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը նախատեսվում է շարունակել երկխոսությունը ԼՂ հիմնախնդրի կարգավորման առանցքային տարրերի շուրջ: Մինսկի խմբի համանախագահները հույս են հայտնել, որ նախագահներն արդյունավետ քննարկումներ կիրականացնեն' տևական կարգավորման հարցում առաջընթաց գրանցելու համար: Ֆրանսիայի համանախագահ Անդրիոն տեղեկացրել է այն հարցերի մասին, որոնք կարող են ներառվել հանդիպման օրակարգում: Համանախագահները հայտնել են առաջիկայում տարածաշրջան այցելելու իրենց մտադրության մասին:

 

Նրանք հանդիպել են նաև ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերի հետ և քննարկել են խաղաղության հաստատման գործընթացքում առկա վերջին զարգացումները: Նրանք նախագահին են ներկայացրել Սոչիում և Ուելսում նախագահների վերջին հանդիպումների վերաբերյալ իրենց զեկուցումը և տեղեկացրել են Փարիզի հանդիպման նախապատրաստությունների մասին: